Սերժ Սարգսյանի նամակը Հանրապետականները փոխանցում են դեսպանություններին՝ ՈւՂԻՂ
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով էր հանդես եկել՝ ուղղված ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին:
ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին նախագահ Սարգսյանը կոչ էր արել ստիպել Ադրբեջանի դիկտատոր Իլհամ Ալիևին բացել կյանքի ճանապարհը:
«Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ: Վաղը կարող է ուշ լինել»,- մասնավորապես գրել էր ՀՀ երրորդ նախագահը:
Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամները նախագահ Սերժ Սարգսյանի նամակը հանձնեցին նշված երկրների դեսպանություններին:
Նամակը փոխանցվեց ԱՄՆ, ինչպես նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանություններին:
ԱՄՆ դեսպանին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված նախագահ Բայդենին, փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Ֆրանսիայի դեսպանին Սերժ Սարգսյանի նամակը փոխանցեց ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Հաջորդիվ ՀՀԿ-ականներն ու այլ ոչ կուսակցական քաղաքացիներ շարժվեցին դեպի ՌԴ դեսպանություն՝ ռազմավարական դաշնակից երկրի դեսպանատուն ևս ՀՀ 3-րդ նախագահի նամակը հանձնելու:
Նամակը փոխանցեց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում: