Ղրիմի Ջանկոյի շրջանի զինամթերքի պահեստին ԱԹՍ-ներ են հարվածել. մերձակա գյուղերը տարհանվում են
Ղրիմի Ջանկոյի շրջանի զինամթերքի պահեստին անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո մի քանի գյուղերի բնակիչների տարհանում են ժամանակավոր օթևաններ։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Որոշում է կայացվել Ջանկոյի շրջանում արտակարգ պատահարի վայրից 5 կմ շառավղով մերձակա գյուղերի բնակչությանը ժամանակավոր տեղավորման կենտրոններ տարհանելու մասին», – գրել է Ակսյոնովն իր Telegram ալիքում։
Տարածաշրջանի ղեկավարը նաև հավելել է, որ ըստ նախնական տեղեկատվության՝ տուժածներ չկան։
Այս գրառումից րոպեներ առաջ Ակսյոնովը հայտնել էր, որ Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշվել է ուկրաինական 11 ԱԹՍ։ Ըստ պաշտոնյայի՝ անօդաչուներից մեկը հարվածել է Ջանկոյի շրջանում գտնվող ռազմամթերքի պահեստին, իսկ ԱԹՍ-ների բեկորները Կիրովի շրջանում վնասել են մասնավոր տուն:
Ըստ РБК պարբերականի՝ Ջանկոյի շրջանում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև Ջանկոյ-Սիմֆերոպոլ ավտոմայրուղով երթևեկությունը: