Փորձագետը զգուշացրել է ավելորդ քնի վտանգների մասին
Քնի պակասը, ինչպես և ավելորդ քունը, բացասաբար են անդրադառնում առողջության վրա, զգուշացրել է քնաբան Մաքսիմ Ռիժովը։ Նա Lenta.ru-ին տված հարցազրույցում խոսել է քնի խանգարման վտանգների մասին։
Հետազոտողները պարզել են, որ քնի պակաս ունեցող աշխատակիցներն ավելի քիչ արդյունավետ են, քան նրանք, ովքեր բավականաչափ քնում են:
Ռիժովը բացատրել է, թե ինչու են վատ աշխատում այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով քիչ են քնում։ Նրա խոսքով՝ քնի քրոնիկ պակասը հանգեցնում է իմունիտետի թուլացման և քաշի ավելացման, ինչպես նաև մեծացնում է սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի զարգացման ռիսկը։
Քնի պակասն ազդում է ուղեղի ճանաչողական ֆունկցիաների վրա․ մարդու մոտ սկսում են խնդիրներ առաջանալ հիշողության և կենտրոնացման հետ կապված, նա դառնում է ավելի էմոցիոնալ և հակված է դեպրեսիայի։ Նման խնդիրները չեն կարող չանդրադառնալ մասնագիտական գործունեության վրա։
Քնի պակասը բացասաբար է անդրադառնում նաև արտաքին տեսքի վրա։ Բավականաչափ չքնած մարդու մոտ աչքերի տակ մուգ շրջանակներ են առաջանում, մաշկը վաղաժամ է ծերանում։
Ռիժովի խոսքով՝ ավելորդ քունը նույնպես բացասաբար է ազդում օրգանիզմի վրա։ Ինչպես քնի պակասը, այն կարող է դեպրեսիա առաջացնել: Բացի այդ, շատերը գլխացավեր են ունենում երկար քնից։
«Իդեալալան տարբերակում գիշերային հանգիստը պետք է տևի յոթից ինը ժամ: Համոզվեք, որ դուք հարմարավետ պայմաններում եք քնում, և ոչինչ չի խանգարում քնելուն։ Բարձը պետք է լինի հարմարավետ, իսկ ներքնակը պետք է լավ պահի ձեր մեջքը։ Եթե անհարմարության տեսանելի պատճառներ չկան, իսկ քնի հետ կապված խնդիրներ կան, ապա պետք է դիմել բժշկի»,- ըստ shantnews-ի՝ ասել է մասնագետը։