
Ջամայկան մտադիր է հանրապետություն դառնալ և դադարել իր ղեկավար համարել Չարլզ Երրորդին

Ջամայկայի կառավարությունը ցանկանում է՝ որքան հնարավոր է շուտ հանրաքվե անցկացնել և անցնել հանրապետական կառավարման ձևին և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին զրկել պետության ղեկավարի կարգավիճակից:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հուլիսի 22-ին The Mirror թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Ջամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը:
Նա ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել դա անել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից անմիջապես հետո՝ 2022 թվականի սեպտեմբերին:
Վարչապետի խոսքով՝ հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները ձգձգվում են՝ հասարակության հետ տեղեկատվական աշխատանքի և խորհրդակցությունների երկար ժամանակաշրջանի անհրաժեշտության պատճառով։
Ըստ նախնական ժամկետների՝ հանրաքվեն կանցկացվի 2024 թվականին:
«Կցանկանայինք ժամանակ ունենալ ամեն ինչ մեկ տարվա ընթացքում անելու համար, բայց դա պարզ գործընթաց չէ», – ասել է Հոլնեսը: