Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը կրկին տեղի կունենա Երևանում
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) պատրաստվում է 2024 թվականին վերադառնալ Երևան: 2019 թվականին հեղինակավոր միջոցառումը հյուրընկալելու հաջողությունից հետո Հայաստանի ՏՏ ոլորտը պատրաստ է ևս մեկ անգամ ցուցադրել իր նորարարությունն ու գերազանցությունը համաշխարհային հարթակում։
Հիմնվելով WCIT 2019-ի հաջողությունների և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) հետ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) շարունակական գործակցության վրա՝ Հայաստանին տրվել է 2024 թվականին նշանակալի միջոցառումը կրկին հյուրընկալելու արտոնություն։
WCIT 2024-ի թեման է «Գիտությունը որպես թվային դարաշրջանի խոստումները կատարելու միջոց»: Այս թեմատիկ շեշտադրումն ընդգծում է Հայաստանի հանձնառությունը՝ օգտագործելու գիտական առաջընթացները՝ ընդգրկելով թվային դարաշրջանի ողջ ներուժը:
«Սա Հայաստանի ՏՏ ոլորտի համար ևս մեկ նոր հաղթանակ է և ևս մեկ հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, թե ինչն է մեզ դարձնում «նոր կենտրոն»: Պատրաստվե՛ք, քանի որ նոր WCIT-ը լինելու է ավելի մեծ, ավելի հնչեղ և ավելի լավը, քան եղել է երբևիցե»,-նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:
WCIT 2024-ի մասին մանրամասները կներկայացնենք առաջիկա մամուլի ասուլիսի ընթացքում, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
ՏՏ համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա: Իսկ ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) ՏՀՏ ոլորտի միությունների կոնսորցիում է աշխարհի ավելի քան 80 երկրից: WITSA-ն ներկայացնում է գլոբալ ՏՀՏ արդյունաբերությունը և պաշտպանում է այնպիսի քաղաքականություն, որը խթանում է արդյունաբերության աճն ու զարգացումը միջազգային մակարդակով: