G7-ը և ԵՄ-ն Չինաստանին խնդրում են չօգնել Հյուսիսային Կորեային ՄԱԿ-ի պատժամիջոցները շրջանցելու հարցում
G7-ի երկրները, Եվրամիությունը և երեք այլ պետություններ մտադիր են դիմել Չինաստանին՝ խնդրելով նրան չաջակցել Հյուսիսային Կորեային ՄԱԿ-ի պատժամիջոցներից խուսափելու հարցում, մասնավորապես՝ Չինաստանի տարածքային ջրերի օգտագործման միջոցով։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով դիմումի նախագիծը:
«Մենք անհանգստացած ենք բազմաթիվ նավթատարների առկայությամբ, որոնք օգտագործում են ձեր տարածքային ջրերը Սանշա ծովածոցում որպես ապաստան՝ հեշտացնելու ԿԺԴՀ-ի հետ պատժամիջոցների տակ գտնվող նավթամթերքների առևտուրը»,- ասվում է փաստաթղթում, որը ստորագրել են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի, ինչպես նաև Եվրամիության, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները:
Դիմումի հեղինակները չինական կողմին խնդրում են ստուգել այդ նավերը նավթի մաքսանենգության նշանների համար, հրաժարվել նրանց սպասարկումից և որքան հնարավոր է՝ շուտ վտարել նրանց ջրերից, եթե դրանք կրկին հայտնաբերվեն Սանշա ծոցում։