ԱՀԿ-ն գնահատել է կատուներից թռչնագրիպով վարակվելու հավանականությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ցածր է համարում թռչնագրիպի վիրուսը կատուներից մարդուն փոխանցելու ռիսկը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հայտարարությունը, որը մեկնաբանել է Լեհաստանում կենդանիների վարակման հետ կապված իրավիճակը:
Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները կազմակերպությանը տեղեկացրել էին H5N1 վիրուսով կատուների վարակման գրեթե 30 դեպքի մասին: Հիվանդության աղբյուրը դեռ հայտնի չէ ։
«ԱՀԿ-ն ընդհանուր բնակչության համար վարակման ռիսկը ցածր է գնահատում, իսկ կատուների տերերի և անասնաբույժների համար՝ չափավոր», – ասել է կազմակերպության ղեկավարը ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ H5N1 վիրուսով կատուների վարակման մասին նախկինում էլ է հաղորդվել, սակայն Լեհաստանում առաջին անգամ մեծ թվով վարակված կենդանիներ են գրանցվել:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ H5N1-ը հատկապես մտահոգիչ է, քանի որ հայտնի է, որ այն շատ վտանգավոր է մարդկանց համար, թեև ապացուցված չէ, որ այն հեշտությամբ փոխանցվում է մարդուց մարդ: