Միրզոյանը ԵԱՀԿ նիստին թվել է Հայաստանի ակնկալիքներն ադրբեջանական կողմից
Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց: Հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն՝ Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 անձ, այդ թվում՝ երեքը քաղաքացիական: Ավելին, 2023 թվականի մայիսի 26-ին` Բրյուսելի և Մոսկվայի հանդիպումներից հետո, մարտական դիրքեր պաշար և ջուր տեղափոխող՝ Հայաստանի զինված ուժերի ևս երկու զինծառայողներ են առևանգվել Ադրբեջանի` Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած զինված ստորաբաժանման կողմից: Հուլիսի 7-ին նրանք դատապարտվել են 11.5 տարվա ազատազրկման:
Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտումն է»,- նշել է Միրզոյանը։
ԱԳ նախարարն ասել է, որ ԵԱՀԿ-ն՝ մանդատով լիազորված իր կառույցներով, 1990-ականների սկզբից ներգրավված է եղել միջնորդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները, «ցավոք, ուժի կիրառումը և պատերազմական ագրեսիան լուրջ հարված հասցրին այդ ջանքերին»։
«Թեպետ Ադրբեջանը սխալմամբ պնդում է, որ ԼՂ-ն այժմ ներքին խնդիր է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի ոչ մի հայ չի գոյատևի Լեռնային Ղարաբաղում։
Չնայած Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա վատթարացումը սպառնում է լրջորեն վնասել ընթացող քաղաքական գործընթացին: Այսպիսով, Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պետք է հստակ գործողություններ ձեռնարկեն: Իրավիճակը պարզից էլ պարզ է. Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի խաղաղության հեռանկարներին։
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ահազանգել, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է վատթարանում: Ներկա իրավիճակը տեղում գնահատելու համար պահանջվում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունը: Համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղ կարիքների գնահատման առաքելություն ուղարկելը և տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը չափազանց մեծ կարևորություն ունեն»,- ասել է նա:
Միրզոյանը նաև թվել է Հայաստանի ակնկալիքներն ադրբեջանական կողմից՝
․ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների,
․ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած որոշումը,
․ ապահովել մարդասիրական հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ և համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցների հետ,
․ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերը բացառապես խաղաղ միջոցներով:
Ամփոփիչ ելույթում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պատվիրակություններին, որոնք «հստակ և աներկբա» արտահայտվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի անթույլատրելիության մասին:
«Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Մենք այլևս չենք խոսում վերահաս ճգնաժամի մասին, մենք խոսում ենք շարունակվող հումանիտար աղետի մասին: Միջնադարյան գործելաոճը պետք է դադարեցվի: Այսպես չի կարող շարունակվել, եթե մենք լուրջ ենք վերաբերվում արժեքներին և սկզբունքներին։
Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ և ԵԱՀԿ-ն մասնավորապես չեն կարող լռել, քանզի վտանգված է 120 հազար մարդու կյանք։
Լեռնային Ղարաբաղի պաշարումը և Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և դրանից բխող հարցերը պետք է պատշաճ և բարեխիղճ կերպով հասցեագրվեն: Դա ճանապարհ կհարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջմղման համար և այդքան երկար սպասված խաղաղություն կբերի տարածաշրջան։
Լռությունը, անտարբերությունն ու անգործությունն այլևս տարբերակ չեն։ Միջազգային մեխանիզմները պետք է արագ արձագանքեն նման իրավիճակների կարգավորման համար իրենց՝ մանդատով նախատեսված գործողությունների և գոյություն ունեցող գործիքակազմի շրջանակներում:
Շնորհակալություն»,- եզրափակել է Արարատ Միրզոյանը։