Իրաքն արտաքսել է Շվեդիայի դեսպանին՝ Ստոկհոլմում Ղուրանի այրման թույլտվություն տալու պատճառով
Իրաքն արտաքսել է Շվեդիայի դեսպանին, ինչպես նաև հետ է կանչել Շվեդիայում իր գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Սա տեղի է ունեցել ի պատասխան այն բանի, որ Ստոկհոլմը թույլատրել է Ղուրանի այրմամբ ակցիա իրականացնել․ այս թույլտվության պատճառով հուլիսի 20-ի առավոտյան հարյուրավոր իրաքցիներ ներխուժել էին Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն։
Reuters գործակալությունը հայտնում է, որ Իրաքը նաև կասեցրել է երկրի տարածքում Շվեդիայի Ericsson ընկերության աշխատանքի թույլտվությունը։
Շվեդիայում ցուցարարները դիմել էին ոստիկանությանը և Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան առջև հուլիսի 20-ի ցույցի ժամանակ Ղուրանն այրելու թույլտվություն ստացել։ Ցույցը տեղի է ունեցել, սակայն ակցիայի մասնակիցները չեն այրել Ղուրանը։ Փոխարենը, նրանք ոտքով հարվածել և մասամբ վնասել են մուսուլմանների սուրբ գիրքը, իսկ մեկ ժամից՝ հեռացել։
Reuters-ը նշում է, որ Շվեդիայում գործերի ժամանակավոր հավատարմատարին հետ կանչելու որոշումն Իրաքն ընդունել է Ստոկհոլմում ընթացող ցույցի ժամանակ, նախքան ցուցարարների ցրվելը։
Բաղդադում Շվեդիայի դեսպանատան անձնակազմը ցուցարարների ներխուժման ժամանակ չի տուժել։ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումը և շեշտել, որ Իրաքի իշխանությունները պարտավոր են պաշտպանել իրենց երկրում գործող դիվանագիտական առաքելությունները։ Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ևս դատապարտել է միջադեպը։