Պուտինն անձամբ չի մասնակցի ՀԱՀ-ում BRICS-ի գագաթնաժողովին՝ ՄՔԴ-ի հրամանով ձերբակալվելու մտավախություններից ելնելով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք BRICS-ի երկրների գագաթնաժողովին։ Նրա փոխարեն Ռուսաստանը գագաթնաժողովի ընթացքում կներկայացնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը որոշել է BRICS-ի գագաթնաժողովին մասնակցել տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դա կլինի լիարժեք մասնակցություն», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Դմիտրի Պեսկովը նաև հերքել է այն տեղեկությունները, թե, իբր, Ռուսաստանը ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսային հասկացրել է, որ հանրապետությունում Վլադիմիր Պուտինի ձերբակալությունը՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի հրամանի, համազոր կլինի պատերազմ հայտարարելու։
«Ոչ, նման բան չի հնչել։ Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի հասկացրել։ Այս աշխարհում անխտիր բոլորի համար պարզ է, թե ինչ է նշանակում ոտնձգության փորձ ռուսական պետության ղեկավարի վրա։ Հետևաբար, որևէ մեկին որևէ բան բացատրելու կարիք չկա», – ասել է Պեսկովը։
ՀԱՀ-ի նախագահի գրասենյակից նույնպես հայտնել են, որ Պուտինը փոխադարձ համաձայնությամբ չի մասնակցի BRICS-ի գագաթնաժողովին։
BRICS-ի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Գագաթնաժողովը կանցկացվի Յոհանեսբուրգում օգոստոսի 22-ից 24-ը։
Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին և ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեղադրանքով։ Մեկնաբանելով այս որոշումը՝ Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ Մոսկվան չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը։