
Ավստրիայի ԱԳ նախարարն առաջարկել է հայ–թուրքական բանակցություն անցկացնել Վիեննայում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմային։
Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին լրագրողը հարց է ուղղել․ «Պարոն Շալենբերգն առաջարկել է Վիեննան՝ որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հարթակ: Ո՞րն է Ձեր պատասխանը: Արդյո՞ք Դուք դիտարկում եք դա»:
«Եվս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ գործընկերոջը՝ Վիեննան՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարթակ առաջարկելու համար: Գիտենք, որ մի քանի անգամ մեր ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիեննայում և հնարավորություն են ունեցել քննարկել կարգավորման հարցերը և հուսով եմ դա կլինի շարունակական: Կցանկանայի հավելել, որ մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով: Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները»,- ասել է Միրզոյանը
«Եվ առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք ևս քննարկվում են»,- հավելել է նա:
Հարցին՝ այս պահին բանակցություններ նախատեսվա՞ծ են, Միրզոյանը պատասխանել է․ «Այս պահին համաձայնեցված ամսաթիվ չկա»: