ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 18-ի նիստում հաստատել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Նախագիծը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է մի քանի առանցքային ժամկետներ․ կուսակցությունների առաջադրումները կլինեն օգոստոսի 3-13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև մասնավոր հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի սակագնի հրապարակման ժամկետը մինչև հուլիսի 19-ի ժամը 18։00-ն է։

ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրել է, որ գովազդային վահանակներ տիրապետող կազմակերպությունների համար ԿԸՀ-ն էլեկտրոնային գործիքակազմեր է մշակել, դրանք առաջիկա օրերին կներկայացվի այդ ընկերություններին։

Մեկ այլ հարցով ԿԸՀ-ն հաստատել է լրագրողների հավատարմագրման կարգը։

Վահագն Հովակիմյանն ընդգծել է՝ այդ կարգի ընդունումը որևէ կերպ չի կարող ընկալվել որպես լրագրողների իրավունքների սահմանափակում, հակառակը՝դրանով ԿԸՀ-ն հավատարմագրված լրագրողների համար որոշակի պարտավորություններ է ստանձնում։

Հովակիմյանը հավելել է՝ լրագրողները կկարողանան շենք մուտք գործել նաև առանց հավատարմագրվելու, սակայն հավատարմագրված լրագրողների համար ԿԸՀ-ն նաև որոշակի մասնագիտական դասընթացներ կիրականացնի։

Տեսանյութեր

Լրահոս