«Ռուսաստանը պիտի պատրաստ լինի պատերազմի, այդ թվում և Թուրքիայի դեմ». Սատանովսկի

Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշվված ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են գալիս Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։ Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։

Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը խոստացել էր Շվեդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունը հնարավորինս հապճեպ վավերացման ուղարկել Թուրքիայի խորհրդարան։

Այդ թեմայով Ermenihaber.am-ը զրուցել է ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկի հետ։

Նրա խոսքերով՝ դեռ վաղ է որևէ եզրակացություններ անել, քանի որ, ի վերջո, Թուրքիան դեռ վերջնականապես հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

«Ընդհանուր առմամբ էլ դա մեր գործը չէ: Մեզ չեն վերաբերում Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները, բայց եթե Սկանդինավյան թերակղզին դառնա ՆԱՏՕ-ի մաս, ապա ՆԱՏՕ-ի հետ պատերազմի տեսանկյունից մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Այսինքն՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի տարածքում պետք է նախանշենք հրթիռային հարվածների թիրախները, որոշենք սահմանային ռեժիմը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրները այլևս չեզոք չեն»,- ընդգծել է նա։

Սատանովսկիի կարծիքով՝ այդ դեպքում Շվեդիան կհամարվի մեզ համար թշնամական հանդիսացող ռազմական դաշինքի պետություն։«Մենք պիտի նախապատրաստվենք պատերազմի՝ կա՛մ իրենց տարածքում, կա՛մ մեր հողերի վրա, եթե հակառակ կողմից ագրեսիա լինի։Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մենք դա հիշում ենք, ինչը նշանակում է, որ ցանկացած պարագայում Ռուսաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի, այդ թվում՝ և Թուրքիայի դեմ»,- եզրափակել է ռուս փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս