ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելությունը «հացահատիկի գործարքի» վերաբերյալ որոշումը վերջնական է որակել
Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ որոշումը վերջնական է. բանակցություններ այլևս չկան:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Պատասխանելով հարցին, արդյոք որոշումը վերջնակա՞ն է՝ Պոլյանսկին ասել է. «Այո, իհարկե»։
Հարցին, թե սևծովյան նախաձեռնության վերաբերյալ էլի խոսակցություններ կլինե՞ն, նա պատասխանել է. «Ո՛չ, ես այդ մասին տեղյակ չեմ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան հրաժարվել է երկարաձգել «հացահատիկի գործարքը», որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Կրեմլում դա պատճառաբանել են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։
«Փաստորեն, այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է»,- լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել էր, որ «հացահատիկի գործարքի» վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտարարվել է դեռևս Ղրիմի կամրջի վրա հարձակումից առաջ, և հարձակումը չի ազդի այդ դիրքորոշման վրա։