Բաժիններ՝

Սևանի թերակղզու հարավային ափի լողանշաններն անցել են 93 քաղաքացի և 12 հեծանվանավակ. ուժեղացված ծառայության արդյունքները

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ու փրկարար ծառայության՝ հուլիսի 16-ին Վարդավառի միջոցառումներով պայմանավորված ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 28 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 93 քաղաքացի և 12 հեծանվանավակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես հայտարարվել էր, Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, ՀՀ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն, անցել են ուժեղացված ծառայության: Ժամը 15.00-ի դրությամբ Վարդավառի տոնական միջոցառումների հետ կապված ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հանցագործության՝ 1, պատահարների՝ 8 և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 4 ահազանգ: Արձանագրված բոլոր ահազանգերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ: Նույն ժամանակահատվածի դրությամբ՝ ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 28 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 93 քաղաքացի և 12 հեծանվանավակ:

Փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻ կենտրոնի ծառայողների կողմից իրականացվել է 6 շրջայց: Լողափերին հայտնաբերվել է լողանշաններն անցած 60 քաղաքացի, 4 փչովի նավակ, 1 ջրային հեծանիվ: Իրազեկման աշխատաքների միջոցով փրկարարները անվտանգ գոտի են վերադարձրել քաղաքացիներին և լողամիջոցները: «Շողակաթ» լողափում Ճամբարակի հրշեջ-փրկարարները ավազների արգելափակումից դուրս են բերել 2 տրանսպորտային միջոց: Ահազանգ է ստացվել, որ «Դրախտ» հանգստյան գոտու մոտակայքում նկատվում է ռետինե նավակ և մոտակայքում լողացող քաղաքացի: Ահազանգով դեպքի վայր մեկնած ՀՆՓԱԻ կենտրոնի ջրափրկարարները հանգստյան գոտու «ժայռ» լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, հայտնաբերել են քաղաքացուն և տեղի ուժերով դուրս բերել ափ, որտեղ արձանագրվել է Լ. Ղ.-ի (ծնվ.1939 թ.) մահը:

Ըստ աղբյուրի՝ ուժեղացված ծառայության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս