Իրանը մտադիր է Հայաստանի տարածքով միանալ ռուսական էլեկտրացանցին. Իրանի էներգետիկայի նախարար
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը էլեկտրաէներգիա կփոխանակեն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքներով։ Ինչպես նշում է mehrnews.com կայքը, Ալի Աքբար Մեհրաբիանն այս մասին ասել է ISNA գործակալությանը տված հարցազրույցում:
«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիա փոխանակելու համար մենք հետևել ենք Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Վրաստան երկու երթուղիներին, և գտնվում ենք վերջնական բանակցությունների և իրականացման փուլում»,- ասել է նա։
Իրանի էներգետիկայի նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է հարևաններից որոշների հետ էլեկտրաէներգիա փոխանակել առանց վճարման։
«Շուտով մենք կսկսենք Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիայի փոխանակումը, օրակարգում է նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցին միանալը»,- եզրափակել է նա։