ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Բաքու-Մոսկվա դաշնակցային համագործակցության հռչակագրին և Պուտինի ելույթներին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ի՝ հուլիսի 15-ի հայտարարությանն առ այն, որ «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, ինչն արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»։

«Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա»,- նշված է եղել ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Մինչդեռ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքել է, որ Եռակողմ հայտարարության և խաղաղության գործընթացի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը «թյուրիմացություն և տարակուսանք է առաջացնում»։

«ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ, ներառյալ «Ղարաբաղի շրջանը», ելույթներին։

Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և դա պայմանավորելն այն համատեքստում, որ շուրջ 30 տարի «մեր տարածքները օկուպացրած» Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- ընդգծել են ԱԳՆ-ում։

Տեսանյութեր

Լրահոս