«Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող ԱԹՍ-ների էմբարգոն շուտով կարող է չեղարկվել». Reuters

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում որոշ աղբյուրներ, որոնց անվանումը գաղտնի է պահվում, նշել են, որ Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) էմբարգոն (արգելանք) շուտով կարող է չեղարկվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվում է, որ նման քայլի հավանականությունը մեծացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնեց Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության հայտի արձանագրություններն ուղարկել երկրի խորհրդարանի հաստատմաննը:

Բացի այդ Կանադայի կողմից Թուրքիայի նկատմամբ նման դրական քայլը բացատրվում է հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած երկու երկրների առաջնորդների երկկողմ հանդիպման արդյունքներով:

«Reuters»-ի կողմից Էմբարգոյի հնարավոր կասեցման ակնարկ է համարվում նաև Կանադայի վարչապետի աշխատակազմի հայտարարությունը:

Հայտարարության մեջ ասվում է. «Վարչապետը Վիլնյուսում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի շուրջ քննարկումներ է ունեցել ինչպես Էրդողանի, այնպես էլ ՆԱՏՕ-ում իր այլ գործընկերների հետ: Կանադան շարունակում է հավատարիմ մնալ իր առանցքային կարևորության այն համոզմանը, որ դաշնակիցների միջև պաշտպանական տեխնիկայի առևտրում որևէ սահմանափակում, խոչընդոտ և կամ պատժամիջոց չպետք է լինի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` հուլիսի 12-ին, Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող զենք-զինամթերքի Էմբարգոյի հնարավոր դադարեցման շուրջ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերը հերքել էր Կանադայի ԱԳՆ խոսնակ Մելանյա Ջոլին:

«Այն, որ դադարեցվել է Թուրքիայի դեմ կիրառվող զենք-զինամթերքի Էմբարգոն, սուտ է: Կանադան շարունակում է վերահսկել Թուրքիա իրականացվող արտահանումները»:

Տեսանյութեր

Լրահոս