
Ռուբինյանը Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է համագործակցությունը Գերմանիայի հետ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին ընդլայնվել և խորացել է Հայաստանի ու Գերմանիայի միջև փոխգործակցությունը, ինչին նպաստել է նաեւ խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման հարցում կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում` Գերմանիայի դերակատարությունը:
Անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը:
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ: