
75 հազար դոլար՝ էքսպոյի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 10-13-ն անցկացվել է էքսպո՝ «Իննոպրոմ-2023»-ը, որտեղ Հայաստանը եւս ունեցել է տաղավար։ Մասնակցել են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Թուրքիան, Ադրբեջանը ներկա է եղել բիզնես պատվիրակությամբ։
Թե ինչ է ցուցադրվել հայկական տաղավարում, էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ նշված չէ, սակայն բուն տաղավարն արժեցել է մոտ 36 մլն դրամ՝ 75 հազար դոլար։ Գումարը վճարվել է ռուսական «Սեվեն էքսպո» ՍՊԸ-ին։ Եվս 8 մլն 802 հազար դրամ նախարարությունը փոխանցել է «Բիզնես ինվեստ» ՍՊԸ-ին՝ գովազդային ծառայություններ մատուցելու համար։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի մասնակցության արդյունավետությանը, ապա նախարարությունը նշել է․
«Միջոցառման շրջանակներում կազմակերպվել են մի շարք գործնական հանդիպումներ, որոնց ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ»։ Մնում է հուսալ, որ այդ համագործակցությունների արդյունքում Քերոբյանին կհաջողվի հետ բերել ծախսված 75 հազար դոլարը»: