Եկել է ժամանակը, որ նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա. Ալիևը՝ Փաշինյանի հայտարարությունների և փաստաթղթի ստորագրման մասին
Մեր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ հստակ է, տրամաբանական՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ առաջին կիսամյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերում է «Ազերթաջ»-ը։
«Կարծում եմ, որ այս սկզբունքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ նման հնարավորություններ կան»,-նշել է Ալիևը։
Նրա խոսքով, մի քանի օրից ծրագրված բանակցությունների վերջին փուլերն ու բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն էլ ավելի մոտենալ խաղաղ համաձայնագրին։
«Մենք սա ենք ուզում, այս նախաձեռնությունն ենք առաջ քաշում։ Սակայն, նորից եմ ասում, ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, հակառակ կողմը նույնպես պետք է պատրաստ լինի դրան և պետք է թղթին փոխանցի բառերով ասված սկզբունքները»,- ասել է Ալիևը։
Ընդգծելով Հայաստանի դիրքորոշման դրական առաջընթացը՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է.
«Եթե անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի պարամետրերը, Ադրբեջանի տարածքը, ներառյալ Ղարաբաղը և անկլավային գյուղերը։ Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- հավելել է նա։