Ընդդեմ Թովմասյանի. Ալենը դերասանական հմտություններն է գործի դրել, ՔՊ-ն չի հավատում
Ըստ օդում կախված լուրերի (ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում) ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջինն է տեղեկացրել Թագուհի Թովմասյանին, որ նրան զրկելու են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Ըստ նույն աղբյուրների` Ալեն Սիմոնյանն այս հարցում առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերում, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարբերաբար նիստեր է հրավիրում և հարց բարձրացնում, թե «Ժողովուրդ» օրաթերթի` ArmLur.am-ի, ինչպես նաև «Հրապարակ» օրաթերթի հրապարակումների հիմնական աղբյուրը Ալեն Սիմոնյանն է, ու բացատրություններ են պահանջում նրանից: Ուստի, Ալեն Սիմոնյանն ինքն իրեն պաշտպանելու համար վերջին 2-3 օրերին ՔՊ բոլոր վիրտուալ խմբերում ակտիվորեն պնդում է, թե այո, պետք է զրկել «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից: ՔՊ-ում նույնիսկ ծաղրում են, թե Ալեն Սիմոնյանը գործի է դրել նախկին դերասանական հմտությունները՝ կասկածներն իր վրայից գցելու համար և, միևնույն է, չեն հավատում նրան:
Հիշեցնենք, որ սա այն նույն Ալեն Սիմոնյանն է, որը Երևանի կենտրոնում իր թիկնապահներին հրահանգեց բռնել քաղաքացու ձեռքերից և թքեց նրա դեմքին` մինչ օրս անպատիժ մնալով: Իսկ Թագուհի Թովմասյանը «պատժվում է» Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի կողմից, քանի որ չի արգելել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանին՝ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանաթուրքական հեղափոխություն է արել: