Բաժիններ՝

«Մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլև գործով արտահայտված ճշմարիտ սեր»

Մի անգամ մի օրենսգետ մոտեցավ Հիսուսին և փորձելու համար հարցրեց. «Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը» (Մատթ. 22:35-36): Օրենսգետները կամ դպիրները Հին Կտակարանի օրենքի ուսուցիչներ էին, որ խեղաթյուրել էին աստվածային ճշմարիտ վարդապետությունը, խճողել այն իրենց իսկ հորինվածքներով: Այս ձևով նրանք ուսուցանում էին օրենքները, բայց իրենք չէին կատարում:

Փրկիչը մեկ անգամ չէ, որ հանդիմանել է նրանց. «Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ երկնքի Արքայությունը փակում եք մարդկանց առաջ: Դուք ինքներդ չեք մտնում և մտնել ուզողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն: Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ նման եք կրով սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լեցուն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ պղծությամբ» (Մատթ. 23:13, 27):

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ օրենքի ուսուցիչներից մեկը ցանկացավ Հիսուսից իմանալ օրենքի մեծագույն պատվիրանը: Հրեա ռաբբիների և դպիրների շրջանում այս հարցի վերաբերյալ միաձայն պատասխան չկար: Նրանցից ոմանք ուսուցանում էին, որ ամենամեծ պատվիրանը տասնաբանյա պատվիրաններից առաջինն է. «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար» (Ելք 20:2-3): Մյուսներն ուսուցանում էին, որ օրենքի հիմնական պատվիրանը շաբաթ օրը սուրբ պահելու պատվիրանն է, իսկ մյուսներն այնքան հեռու գնացին, որ ծիսական մաքրության հետ կապված պատվիրանը համարեցին ամենամեծը: Հրեա ուսուցիչներից հայտնի էր Գամաղիել անունով մեկը, որի մոտ աշակերտել էր Սողոսը՝ ապագա Պողոս առաքյալը: Նա ավելի բարձր գտնվեց մյուս հրեա ուսուցիչներից և ուսուցանեց, որ օրենքի ամենամեծ պատվիրանը պետք է լինի սիրո պատվիրանը:

Այս վեճերը լուծելու նպատակով օրենսգետներից մեկը դիմեց Փրկչին: Քրիստոս պատասխանեց նրան Հին Կտակարանի օրենքի խոսքով՝ քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով (Բ Օրինաց 6:5): Եվ ավելացրեց՝ սա է մեծագույն և կարևորագույն պատվիրանը: (Մատթ. 22:38): Շարունակելով Իր խոսքը՝ Քրիստոս ասաց. «Երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» (Մատթ. 22:39): Երկրորդ պատվիրանն անքակտելիորեն կապված է առաջինի հետ, ով սիրում է Աստծուն, չի կարող չսիրել իր եղբորը: Ահա թե ինչ է սովորեցնում սիրո առաքյալ Հովհաննեսը. «Այն մարդը, որ ասում է՝ «Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է» (Ա Հովհ. 4:20):

Տերը նաև մատնանշեց այն չափանիշը, որով չափվում է մեր սերը մերձավորի հանդեպ՝ ինչ ուզում ես քեզ համար, մաղթիր այն մերձավորիդ, իսկ ինչ չես ուզում քեզ համար, մի արա մերձավորիդ (Մատթ. 7:12): Մարդը ցավ է ապրում, երբ իրեն ծաղրում են, վիրավորում, զրպարտում ու դատապարտում, նույնը չպետք է անի իր մերձավորին: Մարդու համար ծանր է, երբ ինքը վշտի մեջ է և ոչ ոք չի շտապում՝ իր վիշտը կիսելու: Բայց, Տիրոջ խոսքի համաձայն, երբ ինքը տեսնի ուրիշին վշտի մեջ, պետք է շտապի մխիթարել վշտացյալին և կիսել նրա վիշտը: Ժողովրդական իմաստությունն ասում է՝ ընդհանուր վիշտը կես վիշտ է:

Փրկիչն օրենսգետին ուղղված Իր պատասխանն ավարտեց հետևյալ խոսքերով. «Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեների ուսուցումները» (Մատթ. 22:40): Այս պատվիրանները ոչ միայն Հին Կտակարանի օրենքի և մարգարեությունների, այլ նաև ողջ քրիստոնեական բարոյական ուսմունքի էությունն են: Պողոս առաքյալն ասել է. «Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ: Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում» (Ա Կորնթ. 13:2-3):

Ինչո՞ւ է Տերը պատվիրել ողջ սրտով, հոգով ու մտքով սիրել Աստծուն, որովհետև Աստված է ամեն ինչի սկիզբը և վերջը: Նա է ամենակատարյալը, Նա է ճշմարտությունը, բարության և գեղեցկության Աղբյուրը: Աստծու խոսքում է մարդ գտնում իր բոլոր խնդրանքների պատասխանները, Նրա խոսքի լույսով է մարդ լուսավորում իր կյանքի ուղին և իրեն շրջապատող ամեն ինչ: Աստվածային ճշմարտության լույսի ներքո մարդը գիտի, թե ինչպես է առաջացել աշխարհը և ինչ է սպասվում ժամանակների ավարտին ու որն է մարդու երկրային կարճ կյանքի իմաստն ու նպատակը: Մարդ գիտի, որ իր մահկանացու մարմնում ապրում է անմահ հոգի, որ կոչված է հավիտենական կյանքի և երանության:

Հին Կտակարանում կարդում ենք, թե ինչպես է Աստված իր սերը ցուցաբերել մարդկանց հանդեպ՝ թույլ չտալով, որ մեղքերի մեջ կորչեն, այլ դարեր շարունակ մարգարեներ ուղարկելով՝ կոչ է արել մարդկանց հավատքի, ապաշխարության և հավիտենական կյանքի: Աստվածային սիրո ողջ փայլը բացահայտվեց Նոր Կտակարանում, երբ Աստծու Որդին մարմնացավ, հանուն մարդկության փրկության չարչարվեց ու խաչվեց՝ հավիտենական երանելի ճանապարհը բացելով բոլորի համար: Ինչպես կարող է մարդը չսիրել Աստծուն՝ իր երկնավոր Հորը, Որի զավակն է ինքը, Որին պարտական է իր կյանքի և ամեն ինչի համար: Մարդկանցից յուրաքանչյուրի հոգում Նա դրոշմել է Իր պատկերն ու նմանությունը: Սաղմոսերգուն գրել է. «Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան և փառք ու պատվով պսակեցիր նրան» (Սաղմ. 8:6):

Նա մարդուն անմահ հոգի տվեց և Իր արյամբ փրկեց մարդուն հավիտենական մահից: Երկնային Հայրը սպասում է Իր զավակներին Երկնային Թագավորության դարպասների մոտ: Մարդը պարտական է Նրան օդի համար, որ շնչում է, հացի համար, որ ուտում է, ջրի համար, որ խմում է: Նրա նախախնամությունը հսկում է մարդուն օր ու գիշեր: Ինչպե՞ս հնարավոր է չսիրել Նրան ողջ սրտով ու հոգով: Անգամ վայրի կենդանիներն են հնազանդվում իրենց բարերարներին: Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի վանական կար Գերասիմ անունով, որ ապրել է 5-րդ դարում Պաղեստինի անապատում: Մի օր հանդիպեց առյուծի, որի թաթը փուշ էր մտել և մռնչում էր ցավից: Վանականը, ամենևին չվախենալով, կանչեց Աստծու անունը և մոտեցավ առյուծին, փուշը հանեց թաթից, յուղ լցրեց վերքի վրա և կապեց այն:

Այդ ամենից հետո առյուծը՝ որպես ընտանի կենդանի, սկսեց հետևել Գերասիմին: Երբ վանականը մահացավ, առյուծը պառկեց նրա գերեզմանի վրա, մռնչում էր կարոտից, ոչ ուտում էր, ոչ խմում, մինչև շունչը փչեց գերեզմանի վրա»: Նույնիսկ վայրի կենդանին շնորհակալ սեր ցուցաբերեց իր բարերարի հանդեպ, ապա ինչպես կարող է մարդն իր ամենամեծ Բարերարին՝ Աստծուն, չսիրել ողջ հոգով ու սրտով:

Ինչո՞ւ մարդը պետք է սիրի իր մերձավորին, քանի որ սերը մերձավորի հանդեպ Աստծու հանդեպ սիրո դրսևորումներից մեկն է: Աշխարհի բոլոր մարդիկ մի ընտանիքի անդամներ են, փրկագնվել են Փրկչի արյամբ և հոգեպես վերածնվել Սուրբ Հոգուց: Մարդիկ պետք է սիրեն միմյանց, քանի որ այդ սերը, Տիրոջ խոսքի համաձայն, ճշմարիտ քրիստոնյայի բնորոշ գիծն է: «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35): Մարդիկ պետք է սիրեն միմյանց, քանի որ սիրո ճանապարհը տանում է դեպի հավիտենական կյանք: Հովհաննես առաքյալն ասել է. «Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլև գործով արտահայտված ճշմարիտ սեր» (Ա Հովհ. 3:18): Մերձավորի հանդեպ սիրով մարդը մոտենում է Աստծուն, նմանվում Նրան ու միավորվում Նրա հետ: «Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված էլ՝ միացած նրան» (Ա Հովհ. 4:16):

Մարդու մեջ քիչ է սերը Աստծու հանդեպ, որովհետև քիչ է հավատը առ Աստված, քիչ է հավատը հավիտենական կյանքի հանդեպ: Ահա, թե ինչ է ասում Պողոս առաքյալը. «Ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 8:38): Սա է իսկական սերը՝ ուժեղ, հաստատուն և առ Աստված հավատով լեցուն: Քրիստոսի համբարձումից հետո Երուսաղեմի դարպասներից ոչ հեռու քարկոծեցին Ստեփանոս նախասարկավագին, մարդիկ ծաղրանքով ու հայհոյանքով քարեր էին նետում նրա վրա: Ստեփանոսն արյունոտված աչքերը վեր բարձրացրեց և ասաց նույն խոսքերը, ինչ Քրիստոս խաչի վրա. «Տե՛ր, ներիր նրանց այս մեղքը» (Գործք. 7:60): Ստեփանոս նախավկան կյանքի կոչեց մեծագույն պատվիրանները, նա տենչում էր հավիտենական փրկության, նույնը մաղթեց իրեն քարկոծողներին՝ աղոթելով նրանց մեղքերի թողության համար:

Աշխարհի բոլոր մարդիկ նույն Երկնավոր Հոր զավակներն են և եթե ընտանիքի անդամների միջև բացակայում է սերը, ապա ինչպե՞ս կարող են նրանք ժառանգել Երկնքի Արքայությունը, որ սիրո Արքայություն է և ուր հնարավոր չէ մուտք գործել՝ առանց սիրո պատվիրաններն իրագործելու: Անզեղջ կյանքով ապրողները Ահեղ դատաստանին արդար Դատավորից լսելու են հետևյալ ահասարսուռ խոսքերը. «Ասում եմ ձեզ, որովհետև Իմ այս փոքր եղբայրներից մեկին չօգնեցիք, Ի՛նձ օգնած չեղաք» (Մատթ. 25:45), իսկ մերձավորին սիրողները լսելու են հետևյալը. «Ասում եմ ձեզ, որովհետև իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ի՛նձ արած եղաք» (Մատթ. 25:40):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս