Բաժիններ՝

Մոռացության բարիքները

Աստված՝ Իր անսահման սիրով և գիտությամբ, մարդուն շնորհեց ուղեղ, որը կատարում է զանազան գործողություններ՝ մտածողություն, վերլուծում, քննարկում, համեմատություն, եզրահանգում, հիշեցում և այլն: Ճիշտ է, որ մարդու ուղեղն ունի տեղեկություններ պահելու հսկա կարողություն, սակայն միաժամանակ ներկա է մոռացությունը: Մոռացություն բառը, ըստ Մալխասեանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է մոռանալ, հիշողության թուլացման նշան:

Այս հոդվածի նպատակն է խոսել մոռացության տեսակների մասին՝ լինեն դրանք  օգտակար, թե վնասակար, որպեսզի պարզվի մեզ համար այն պատկերը, որ մոռացությունը բարիք և շահ է մեզ համար, եթե օգտակար բաժնին է պատկանում:

Մոռացության տեսակները: Պետք չէ մոռացությանը նայել սոսկ որպես մտահոգիչ, հուզիչ, տխուր կամ ցավալի վիճակ, որովհետև մոռացությունը ունի երկու տեսակ՝ օգտակար և վնասակար: Մոռացությունը օգտակար է, երբ մարդը ժամանակի ընթացքում մոռանա չարալեզու մարդկանց՝ իր հասցեին ուղղված վիրավորական խոսքերը, եսակենտրոն մարդկանց ծրագրած և գործադրած չար գործերը:

Մոռացությունը վնասակար է, երբ մարդը մոռանա՝ 1. իր էությունը, 2. իր ընտանիքի անդամներին, հարևաններին, ազգականներին և բարեկամներին, 3. իր անձի, ընտանիքի, եկեղեցու և հայրենիքի հանդեպ ունեցած պարտավորությունները, 4. իր տված խոստումներն ու ուխտերը, 5. Աստծու բարիքները իր կյանքում, 6. տունդարձի ճանապարհը և այլն:

Մոռացությունը և մենք: Մենք մեր անձի վերաբերյալ որոշ բաներ պետք է մոռանանք և այլ բաներ՝ հիշենք: Օրինակ՝ 1. մենք պետք է մոռանանք մեր կատարած ծածուկ ողորմությունները«Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ի՛նչ է անում քո աջ ձեռքը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես» (Մատթ. 6:3), որպեսզի դրանք հիշելով չպատմենք մարդկանց, վերջիններից չլսենք գովասանքի խոսքեր, և չլինի մեր կատարած ողորմության վարձքը երկրային՝ մարդկային, այլ ոչ թե երկնային՝ աստվածային, 2. մեր ունեցած առաքինությունները, որպեսզի չընկնենք հպարտության և ինքնագովասանքի մեղքերի մեջ:

Մենք պետք է հիշենք՝ 1. մեր մեղքերն ու հանցանքները, որպեսզի հասնենք ապաշխարության, խոստովանության և մեղքերի քավության, 2. մեր թերություններն ու տկարությունները, որպեսզի հասնենք խոնարհության: Իմաստուն անձը Բարձյալն Աստծուն կվերագրի իր ունեցած առաքինությունների և կատարած ողորմությունների պատճառը. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ Ով իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:5):

Մոռացությունը և մարդիկ: Մենք պետք է հիշենք դժվար օրերին մեր կողքին կանգնած մարդկանց բարյացակամ վերաբերմունքը, խրատական և քաջալերական խոսքերն ու սքանչելի բարիքները: Մարմնացյալ Աստված՝ Քրիստոսը, լեռան քարոզի ժամանակ պատվիրեց համախմբված ժողովրդին՝ ասելով. «Բարությո՛ւն արեք ձեզ ատողներին» (Մատթ. 5:44), և մի այլ առիթով հորդորեց՝ ասելով. «Ներե՛ք, և ներում պիտի գտնեք» (Ղուկ. 6:37):

Ինչպե՞ս կարելի է ոչ միայն վրեժխնդիր չլինել մեզ ատող մարդկանց նկատմամբ, այլ նաև նրանց ներել ու բարիք անել: Այստեղ մոռացությունն ունի իր դրական դերը  որպես բուժիչ բալասան, որովհետև, երբ մոռանանք մարդկանց սխալ խոսքերն ու գործերը, մենք մի կողմից կփախչենք սատանայական չար խորհուրդներից. «Հրաժարիմք ի Սատանայէ՝ և յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա», և առիթ չենք տա, որ մարդկանց հանդեպ ղեկավարվենք բարկությամբ, ատելությամբ, ոխակալությամբ և վրեժխնդրությամբ, և մյուս կողմից մեր սիրտը խաղաղությամբ կլցվի, ժպիտով կընդունենք մեր հանդեպ սխալված մարդկանց և կօգնենք նրանց քրիստոնեական ջերմ սիրով:

Անընդհատ մարդկանց սխալները հիշելը պատճառ կհանդիսանա, որ նրանց պատկերը մեր մտքում սևանա, որովհետև չկա աշխարհում անսխալական մարդ. «Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք. թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի» (Հոբ 14:4): Ուստի, ինչպե՞ս մարդկանց հետ մեր շփումը շարունակվի, երբ նրանց սխալներն ու մեղքերը մնայուն ներկա են մեր հիշողության մեջ:

Մոռացությունը և կյանքի երկրորդական հարցերը: Մարդը մոռանում է իր կյանքում ամենօրյա, երկրորդական հարցերը՝ ամեն օր իր կերած ուտելիքները, խմած ըմպելիքները, հագած հագուստները. «Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը» (Մատթ. 6:25), մարդկանց ամենօրյա բազմաթեմա խոսակցություններն ու վերլուծումները, աշխարհի քաղաքական լուրերը և այլն: Մոռացությունը օգնում է մարդուն, որպեսզի նրա մտքի ուժն ու կարողությունը կենտրոնանան հիմնական, առաջնակարգ հարցերի վրա, մի կողմ թողելով վերոհիշյալ երկրորդական հարցերը:

Մոռացությունը և բազմատեսակ գայթակղությունները: 21-րդ դարում շատ են գայթակղությունների տեսակները, թեկուզ չուզենանք, որ դրանք գոյություն ունենան: Երիտասարդը կարող է տեսնել մի գրգռիչ պատկեր փողոցում, համացանցում կամ հեռուստատեսությամբ, մանուկը՝ լսել անիմաստ կամ վատ խոսակցություն,  պատանին՝ կարդալ սխալ բովանդակություն պարունակող գիրք: Այդ բոլոր սխալ բաները, որոնք ստանում ենք տեսողական և լսողական օրգանների միջոցով, մեծապես ազդելով՝ հոգնեցնելու են մեր միտքը, սիրտը և հոգին, եթե դրանք մոռացության չենթարկվեն: Գայթակղությունները չհիշելը մոռացության կողմից մարդուն շնորհած բարիքներից մեկն է:

Մոռացությունը և անցյալի դժվար դեպքերը: Մոռացության բարիքներից մեկն այն է, որ մարդ արարածը չի հիշում իր անցյալ կյանքում ունեցած բոլոր դժվար դեպքերը՝ իր խնդիրներով, պատճառներով և հոգեբանական գերճնշված ապրումներով, որոնք կատարվել են անհատական, ընտանեկան և այլ շրջանակներում: Ինչքա՜ն մեծ մարտահրավերների առերեսվեցինք անցյալում, խորապես մտածեցինք դրանց  մասին, տքնաջան պայքարեցինք դրանցից դուրս գալու համար, և ներկայումս այդ անցյալի բոլոր դժվար դեպքերը իրենց մանրամասնություններով էլ չենք հիշում՝ մոռացել ենք: Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը ասում է. «Երբեմն նեղության մասին մտածելը ավելի ցավոտ և վնասակար է, քան նեղությունն ինքնին»:

Մոռացությունը և մտային առողջությունը: Շատ են աշխարհում հրատարակված բժշկական գրքերն ու համացանցում տեղադրված հոդվածները, որոնք ցույց են տալիս, որ մոռացությունն ունի շատ բարիքներ ուղեղի համար, որոնցից կարելի է ամփոփ ձևով հիշել՝

1. ուղեղի հանգստությունը ծանրաբեռնվածությունից,

2. ուղեղի թարմնացումը անցյալի ցավալի հիշատակներից,

3. ուղեղի ձերբազատումը անկարևոր տեղեկություններից,

4. ուղեղի կենտրոնացումը ներկա օրերի նպատակների վրա,

5. ուղեղի հարմարվողականությունը նորանոր դժվարություններում,

6. ուղեղի վերապատրաստումն ավելի լավ որոշումներ ընդունելու համար,

7. ուղեղի գործունեության բարելավումը,

8. ուղեղի բարոյական պատշպանությունը և այլն:

Փիլիսոփաներ, բանաստեղծներ և մտավորական մարդիկ օգտակար մոռացության մասին ասել են իմաստուն խոսքեր, օրինակ՝ «Ավելի լավ է ժպտալ և մոռանալ, քան հիշել և տխրել», «Կարևորը հիշելու մեր կարողությունը չէ, այլ մոռանալու մեր կարողությունը»:

Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս