«Մեր տան բակից լավ երևում է թշնամու դիրքը, նրանք էլ մեզ են տեսնում, հետևում մեր անցուդարձին. պարբերաբար կրակում են բնակելի առանձնատների ուղղությամբ». Ճանկաթաղի բնակիչ

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի Ղարիբյան ընտանիքի առանձնատունը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ: Անգամ այդ պայմաններում ընտանիքը շարունակում է ապրել ու արարել:

«Մեր տան բակից լավ երևում է թշնամու դիրքը, նրանք էլ մեզ են տեսնում, հետևում մեր անցուդարձին: Վերջերս էլ մեր տան ուղղությամբ են կրակոցներ արձակել: Բարեբախտաբար, կորուստներ չունեցանք, բայց ապրումներն աննկարագրելի էին: Երբ կրակում են գյուղի ուղղությամբ, պատսպարվում ենք, հետո նորից անցնում առօրյա գործերին: Մեր սեփական տան բակում վախենալով ենք անցուդարձ անում, ամեն րոպե սպասում, որ կկրակեն: Երբեմն նաև իրենց տեղակայման վայրից մեզ լսելի ձայնով հայհոյում են: Այդ ամենից չենք ընկճվում, միայն թոռներիս կյանքի համար եմ վախենում: Մեր ուզածը մեր տանը խաղաղ ու հանգիստ ապրելն է, բնության տված բարիքներով գոհանալը, մեր ձեռքով թխված հացը ուտելը: Գիտենք` ուրիշ տեղ չենք կարող հայրենիք գտնել»,- «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է Գրետա Ղարիբյանը:

Տիկին Գրետան 44-օրյա պատերազմում` Հադրութի շրջանում մղված մարտերում, կորցրել է թոռանը: Նա վստահեցնում է, որ թե՛ ինքը, թե՛ գյուղի որևէ այլ բնակիչ չեն պատրաստվում լքել հայրենի գյուղը:

Նա տեղեկացրել է, որ անգամ թշնամու թիրախում մշակել են տնամերձ հողամասը, որ կարողանան մի կերպ հաղթահարել լիակատար շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս