Ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ շոգին մարզվելը
Շոգը լուրջ սթրես է օրգանիզմի համար, և նման պայմաններում մարզվելիս պետք է զգույշ լինել։ Թերապևտ Ելենա Տիխոմիրովան «Իզվեստիային» պատմել է շոգին սպորտով զբաղվելու վտանգների, ինչպես նաև մարզումների ճիշտ մոտեցումների մասին։
«Շոգին ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը մեծացնում է սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների վտանգը, ինչպես նաև նպաստում է ջրազրկմանը և, որպես հետևանք, մի շարք տհաճ ախտանիշներ են ի հայտ գալիս։ Դրանք են, մասնավորապես, հոգնածությունը, գլխապտույտը, սրտխառնոցը, գլխացավը, կենտրոնացման և ուշադրության անկումը, ցնցումները և այլն»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է Տիխոմիրովան։
Նա խորհուրդ է տվել նախ մարզումներն անցկացնել առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ արևը դեռ այնքան ակտիվ չէ։ Կարևոր է կրել թեթև հագուստ, որը թույլ է տալիս մաշկին շնչել և նվազեցնել գերտաքացման վտանգը:
Ընդ որում, պետք է բավականաչափ ջուր խմել ոչ միայն մարզումների ժամանակ, այլեւ ողջ օրվա ընթացքում։ Իսկ սննդաբանը խորհուրդ է տալիս հրաժարվել սուրճից ու ալկոհոլից, քանի որ դրանք նպաստում են ջրազրկմանը։ Բացի դրանից, Տիխոմիրովան խորհուրդ է տվել մարզվելուց առաջ փորձել ուտել թեթև սնունդ, որը չի նպաստում այտուցների առաջացմանը, ինչպես նաև ուշադիր հետևել ինքնազգացողությանը:
«Ընդհանրապես շոգին ավելի լավ է նվազեցնել ֆիզիկական ակտիվության ինտենսիվությունը։ Իսկ եթե մարդ առողջական խնդիրներ ունի, հատկապես սրտանոթային համակարգի կողմից, ապա նման գործունեությունը պետք է իսպառ բացառել»,- նշել է Տիխոմիրովան։