Թուրքիայում տարեցտարի աճում է անչափահաս աղջիկ երեխաների ամուսնությունը և հղիությունը
Թուրքիայում դեռևս շարունակվում է չլուծված խնդիր մնալ աղջիկ երեխաների ամուսնությունը և հղիությունը վաղ տարիքում։ Անչափահասների ծնելիությունն աճում է հատկապես այն աղջիկների շրջանում, ովքեր կրթություն չեն ստանում կամ հեռացվում են դպրոցից ընտանիքի ճնշման պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր Գամզե Աքուշ Իլգեզդին պատրաստել է «Երեխաների հղիության վերաբերյալ զեկույց», որտեղ ներառված են Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալները։ Թուրքական մամուլն այդ զեկույցը բնորոշել է որպես ԹՈւՐՔԻԱՅԻ ԱՄՈԹ։
Ըստ վերոնշյալ զեկույցի՝ վերջին 22 տարում 15 տարեկանից ցածր հղիների թիվը կազմել է 21.087, իսկ մինչև 19 տարեկան հղիների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Զեկույցում նաև նշվում է, որ 15 տարեկանից ցածր տարիքում ծննդաբերած երեխաների թիվը 2022-ի համեմատ աճել է 25%-ով: Մինչև 15 տարեկան 1546 երեխա, որոնք ծննդաբերել են 2015-2021-ին՝ նրանց 50%-ը եղել են տարրական դպրոցի շրջանավարտներ, իսկ մյուսները դպրոց չեն ավարտել, գրել-կարդալ չգիտեն։ Իսկ 15-19 տարիքային խմբի 427․709 երեխաներից անգրագետ է շուրջ 2960-ը։
Հայտնի է դարձել նաև, որ մինչև 17 տարեկան աղջիկների ծնելիությունը վերջին 22 տարում նվազել է 24․49%-ով։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում դեռահասների (մինչև 19 տարեկանների) ծնելիության մակարդակը 2 անգամ գերազանցում է Եվրոպայի ցուցանիշներին։