Միակ միջոցը
Այսօր Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածն է հրապարակել։ Հոդվածում Վահե Հովհաննիսյանը վարչապետ կոչեցյալին մեղադրում է անադեկվատության մեջ, այն է՝ երկիրը փլուզվում է, իսկ այդ արարածը, որպես աննախադեպ երևույթ, խոսում է թոշակի չնչին բարձրացման մասին։ Եվ Վահեն նրան հարցեր է տալիս, թե տեսե՞լ է գնաճը, և այլն։ Մի քանի օր առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես մտահոգիչ հոդված էր հրապարակել: Ըստ Վարդան Օսկանյանի, վարչապետ կոչեցյալը չունի դիվանագիտական և ռազմաքաղաքական փորձ, նա սահմանափակ գիտելիքներ ունի, լսող չէ, բայց կարծում է՝ շատ գիտի։ Ըստ Օսկանյանի, երբ այդ արարածը եկավ իշխանության, չգիտեր, թե ինչ պետք էր անել արցախյան հարցում, և հերթականությամբ թվում է նրա բարբաջանքները։
Թող ինձ ներեն իմ կողմից հարգված Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, բայց իմ համոզմամբ՝ նրանք երկուսն էլ կոպտորեն սխալվում են։
Այն, որ վարչապետ կոչեցյալը կիսագրագետ է, չունի ոչ դիվանագիտական, ոչ ռազմաքաղաքական տարրական գիտելիքներ, միանգամայն համաձայն եմ։
Իմ կողմից էլ ավելացնեմ, որ նա զուրկ է ազգային, մարդկային տարրական արժանապատվության զգացումից, չունի բարոյակական նորմեր, արժեհամակարգ։
Բայց արդյո՞ք նա ադեկվատ չէ իրականությանը, կամ, երբ եկավ իշխանության, չգիտեր, թե ի՞նչ պետք էր անել արցախյան հարցում։
Ոչ, հարգելի Վարդան Օսկանյան և Վահե Հովհաննիսյան, վարչապետ կոչեցյալը ոչ միայն շատ լավ գիտակցում էր, թե ինչ պետք էր անել արցախյան հարցում, այլև հենց այդ հարցը լուծելու համար՝ նրան տարիներով պատրաստեցին և աջակցեցին իշխանության հասնելու համար։ Երկար փնտրտուքից հետո, վերջապես գտան մեկին, որը չունի որևէ արգելակ, կարմիր գծեր և հանուն իշխանության և փողի պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ կյանքեր, հայրենիք։
Թվում է, թե նա լսող չէ, այլ ինքնավստահ, միանձնյա իշխող երևույթ։ Ո՛չ, նա հնազանդորեն, քծնաժպիտը դեմքին՝ լսում և հնազանդվում է իրեն իշխանության բերողներին՝ հիշենք նրա ժպտաքծնողական դեմքը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ։
Եվ նա միանգամայն ադեկվատ է մեր իրականությանը, քանի որ, այն, ինչ կատարվում է Հայաստանում և Արցախում, նրա՝ իր տերերի առջև ստանձնած պարտավորությունների կատարումն է։
Անշնորհակալ գործ է վարչապետ կոչեցյալի խոսքերն ու արարքները լրջորեն քննարկելն ու քննադատելը։ Այդ ամենից նա ավելի ոգևորվում է և էլ ավելի մոլորեցնում հասարակությանը։
Այս մղձավանջից ազատվելու միակ միջոցը միավորվելն, ընդվզելն ու վռնդելն է ազգակործան իշխանությանը։
Ավետիք Իշխանյան