
Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում։ Հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից:
Նիդերլանդներում հայ համայնքի հետ հանրային հանդիպումներից հետո հուլիսի 3-5-ը Սաղաթելյանն աշխատանքները շարունակելու է Բելգիայում։
Հանդիպումներ են նախատեսված ՀՅ Դաշնակցության գործընկեր համաեվրոպական կուսակցության՝ Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ղեկավարության, Եվրոպական խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական խմբերը ներկայացնող խորհրդարանականների և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների հետ։
Հանդիպումների հիմնական օրակարգը ներառում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիայի, Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական և անվտանգային իրավիճակի ու մարտահրավերների, ինչպես նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր: