Դատախազության անկախությունը շատ կարևոր է. ԵՄ դեսպան

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը կարևորում է դատախազության անկախությունը և պատասխանատվությունը դատական, դատաիրավական բարեփոխումների գործընթացում:

Դեսպանն այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

ԵՄ դեսպանը նաև շնորհավորեց գլխավոր դատախազին, ներկաներին:

«Կարծում եմ՝ մենք հասկանում ենք, որ դատախազական անկախությունը և պատասխանատվությունը շատ կարևոր են դատական, դատաիրավական բարեփոխումների ձևավորման գործընթացում»,-ասաց Վիկտորինը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Դատախազության անկախությունը շատ կարևոր է, ինքնանպատակ չէ:

Այդ անկախության նպատակն է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որ դատախազը կարողանա ճիշտ որոշում կայացնել՝ առանց վախի: Վիկտորինը շեշտեց՝ դատախազը վճռորոշ դեր է խաղում արդարադատության իրականացման գործում:

«ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանմանը և պաշտպանությանը, ինչպես նաև ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը: Մենք էականորեն նպաստել ենք արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանը՝ հասանելի դարձնելով կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցություն՝ այդ թվում ընթացիկ երկկողմ ծրագրերը»,-ասաց Վիկտորինը:

Նա նշեց ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի մասին՝ որպես Հայաստանի արդարադատության ոլորտին կարևոր աջակցություն: ԵՄ դեսպանը շնորհակալություն հայտնեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին՝ հիանալի համագործակցության համար:

ԵՄ դեսպանը նշեց նաև Հայաստանում վերջին տարիներին գործադրվող ջանքերի մասին՝ ժողովրդավարական գործընթացների համար: «Գովելի է, որ քաղաքական ղեկավարությունը հավատարիմ է՝ շարունակելու բարեփոխումների հավակնոտ օրակարգը համապարփակ և ընդգրկուն ձևով»,-նշեց Վիկտորինը:

Տեսանյութեր

Լրահոս