ԱՄԷ-ի և Հայաստանի հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում. Հայաստանում ԱՄԷ դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Նարիման Ալ-Մուլլան Հայաստանի և Էմիրությունների միջև հարաբերություններն ամուր է համարել և ընդգծել, որ այդ հարաբերությունները պատմական դարաշրջան են թևակոխում:

Ինչպես տեղեկանում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների WAM լրատվական գործակալության հրապարակումից, դեսպանը ԱՄԷ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ նշել է, որ կարևորում է երկու երկրների ձգտումն՝ ամրապնդել իրենց պատմական համագործակցությունը ՝ ի շահ այդ երկրների և ժողովուրդների:

Նարիման Ալ-Մուլլայի խոսքով՝ Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ՝ հատկապես տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում:

WAM-ի հրապարակման մեջ նշվում է՝ դեսպանն ընդգծել է, որ ԱՄԷ-ի և Հայաստանի ղեկավարության առաջադրանքների համաձայն՝ փոխադարձ տնտեսական գործընկերությունները շարունակական աճ են գրանցում՝ երկու երկրների շուկաներում ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով գործարար համայնքի և մասնավոր հատվածի համար:

Նա հավելել է, որ ԱՄԷ-ի և Հայաստանի միջև կան խոստումնալից հեռանկարներ մի քանի ոլորտներում, որոնք դրական ազդեցություն կունենան տվյալ երկրների վրա: Այս ոլորտներն են առողջապահությունը, դեղագործությունը, անշարժ գույքի զարգացումը, ենթակառուցվածքներն ու լոգիստիկան, հեռահաղորդակցությունը, գյուղատնտեսությունը և այլն: Ըստ հրապարակման՝ դեսպանը վերահաստատել է դեսպանության հանձնառությունը՝ խթանելու տնտեսական և առևտրային կապերը՝ բոլոր ոլորտներում։

Ալ-Մուլլան նաև կոչ է արել բիզնեսին՝ օգտվել ազգային տնտեսության կողմից տրամադրված առավելություններից և խթաններից՝ ԱՄԷ-ի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաներում հետագա աճի և ընդլայնման հասնելու համար:

Դեսպանը վերահաստատել է 2023 թվականի նոյեմբերին ԱՄԷ-ում «Expo City Dubai»-ում կայանալիք COP28 կլիմայական համաժողովի կարևորությունը կլիմայի գլոբալ գործողությունների ակտիվացման համար և ողջունել Հայաստանի մասնակցությունն այս առանցքային միջազգային համաժողովին:

WAM-ի հրապարակման մեջ նշվում է, որ 2023 թվականին ԱՄԷ-ն և Հայաստանը նշում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը ՝ 1998 թ. հունիսի 25-ին Նյու Յորքում համապատասխան արձանագրության ստորագրումից հետո:

Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը բացվել է 2000 թվականին, իսկ Երևանում ԱՄԷ դեսպանությունը բացվել է 2015 թվականին: Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նույնպես բացվել է 2017 թվականին:

ԱՄԷ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զգալի զարգացում են ապրել, իսկ երկու երկրների պաշտոնատար անձանց միջև փոխայցելություններն ու հանդիպումները հանգեցրել են հետագա համագործակցության:

Տեսանյութեր

Լրահոս