
Իտալիայում գրեթե 70 մարդու են ձերբակալել մաֆիայի «Նդրանգետա» խմբավորման դեմ գործողության ընթացքում

Իտալիայի իրավապահ մարմինները Կալաբրիայի մարզում 68 մարդու են ձերբակալել մաֆիայի «Նդրանգետա» խմբավորման դեմ գործողության ընթացքում։ Այդ մասին հաղորդում է ANSA գործակալությունը։
Ձերբակալվածներին կասկածում են «Նդրանգետա»-ի հետ առնչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ուղղված հանցավոր դավադրության և այլ իրավախախտումների մեջ։
Նշվում է, որ կարաբիներները նաև կալանքի տակ են վերցրել կասկածյալների 5 միլիոն եվրո գումարի անշարժ գույք, ընկերություններ, ընկերությունների բաժնետոմսեր, շարժական գույք և այլն։
Իտալիայի իրավապահ մարմիններն արդեն ավելի քան 10 տարի առաջ պարզել են, որ ավանդաբար հարավային համարվող հանցավոր կազմակերպությունն իր գործունեությունը վաղուց տարածել է երկրի հյուսիսային մարզերում, ինչպես նաև Եվրոպայի այլ պետություններում։ «Նդրանգետան» համարվում է ամենահզոր հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարումների ուղիները: