Բրատիսլավայում Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիև պանելային քննարկում է եղել
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ մասնակցել է «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ին:
Ֆորումի շրջանակում Գրիգորյանը պանելային քննարկում է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
Ըստ ֆորումի տարածած կարճ հաղորդագրության՝ Սլովակիայի ԱԳ նախկին նախարար Իվան Կորչոկը՝ քննարկման մոդերատորը, նշել է, որ երկու ետկրներն էլ խաղաղ ապագայի համար պատրաստ են քայլ առաջ անել միմյանց ընդառաջ։
Իր հերթին Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Հարավային Կովկասը բաժանված էր ոչ թե լեռներով, այլ հակամարտություններով և պատերազմներով։ Իսկ Արմեն Գրիգորյանը հույս է հայտնել, որ հակամարտությունները կմնան անցյալում։ «Ամենակարևորը փորձել ապագան փոխելն է»,-նկատել է Գրիգորյանը։
Հիշեցնենք նաև, որ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերին: «Շեշտել եմ բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից»,-գրել է նա։