
Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել ԴԱՀԿ Անի Գևորգյանի դեմ. պահանջում է կրկին գումար վճարել. Արամազդ Կիվիրյանի հայտարարությունը

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից տեղեկացվել եմ, այն մասին, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում՝ Անի Գևորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ:
Նշեմ, որ Անի Գևորգյանի կողմից, ամբողջությամբ կատարվել են դատարանի կողմից կայացված դատական ակտի պահանջները, մասնավորապես, ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր համապատասխան հայտարարությունը, ինչպես նաև կազմակերպվել էր դրամահավաք: Կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքագրված և դատական ակտով նշված ամբողջ գումարը փակ ծրարով հանձնվել էր Ազգային Ժողովի փոստարկղ, որտեղից համապատասխան աշխատակիցը այն վերցրել էր Ալեն Սիմոնյանին փոխանցելու նպատակով: Ընդ որում, այդ ողջ գործընթացը տեսանկարահանվել է:
Փաստորեն, Ալեն Սիմոնյանի կողմից դատարանին ներկայացված դիմումն իր մեջ պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, քանի որ դատական ակտի պահանջները կատարվել են, իսկ վերջինս կողմից դատարանին ներկայացված դիմումը փաստացի իրենից ներկայացնում է դատական ակտի պահանջների կրկնակի կատարման փորձ»: