«Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»․ Քիշնևում սպասվող Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև բանակցություններին ընդառաջ՝ Միշելը գրառումներ է արել
Մոլդավայի մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի շրջանակում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպմանն ընթառաջ՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ է արել՝ որոշակիորեն բացելով քառակողմ բանակցությունների թեմաների փակագծեր։
Իր առաջին գրառման մեջ նա մասնավորապես նշել է, որ սպասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ Քիշնևում նախատեսված բանակցությունների ընթացքում:
«Էական է վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և առաջ շարժվել սահմանների սահմանազատման հարցում, ինչպես նաև նվազեցնել ռիսկերը սահմանամերձ շրջաններում»,- գրել է Շառլ Միշելը:
Սրան հաջորդած գրառման մեջ ԵԽ նախագահ Միշելը խոսել է Բաքվի և արցախահայության միջև երկխոսությունից։ «Ներկայումս վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության շուրջ։ Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտություն, վերքերը բուժելը ժամանակ է պահանջում: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»,- գրել է Միշելը։