Բաժիններ՝

Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում

Հայաստանի կառավարության գլխավոր առաքելությունը առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, արաբական, եվրոպական, ամերիկյան և ասիական շուկաների հետ ավելի շատ աշխատելը՝ բազմակողմ և դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ կառուցելու նպատակով։ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում։

Նա հայտնեց, որ երկու տարվա ընթացքում, ինչ Հայաստանը Իրանում առևտրային ներկայացուցիչ է նշանակել, այդ երկրի հետ առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է։ «Կարծում ենք, որ դա լավ ցուցանիշ է։ Բայց նաև գիտեք, որ կան բավականին շատ կաշկանդող հանգամանքներ Իրանի հետ առևտուրն առավել զարգացնելու ուղղությամբ․ պատճառները և օբյեկտիվ են, և սուբյեկտիվ։ Բայց մենք հիմա պլանավորում ենք Չինաստանում, Գերմանիայում ԱՄՆ-ում նշանակել առևտրային ներկայացուցիչներ և զարգացնել շրջանառությունն այդ երկրների հետ ևս»,- ասաց նախարարը։

Խոսելով Ռուսաստանում առևտրային ներկայացուցիչ ունենալու հավանականության մասին՝ Քերոբյանն ընդգծեց, որ ռուսական շուկայի հետ աշխատանքը մի փոքր այլ բնույթ ունի։ «Մենք մեզ բավականին բաց ենք պահում բոլոր այն ռուսաստանցի գործարարների նկատմամբ, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերություններով և փորձում ենք չկենտրոնանալ մեկ անձի կամ ինստիտուտի վրա։ Աշխատանքն այստեղ դիվերսիֆիկացված է»,- նշեց Վահան Քերոբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031