Հեղինակավոր «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը
World Trade Center Yerevan-ի և Renshin Urban Investments-ի նախաձեռնությամբ՝ մայիսի 25-ին Հայաստանի ճարտարապետների համայնքը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ճարտարապետության նորագույն ուղղության՝ կայուն ճարտարապետության առանձնահատկություններին՝ «Foster+Partners» աշխարհահռչակ ընկերության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։ «Foster+Partners» աշխարհահռչակ ճարտարապետական ընկերության ղեկավարներ Նայըլ Դեմփսին և Խուան Ֆրիջերիոն հանդիպեցին Հայաստանի ճարտարապետների, կառուցապատողների համայնքի և ուսանողների հետ։
World Trade Center Yerevan կամակերպության և Renshin Urban Investments ընկերության հրավերով Հայաստանում գտնվող հեղինակավոր ճարտարապետները ներկայացրեցին «Foster+Partners»-ի գործունեության հիմք հանդիսացող կայուն ճարտարապետության կոնցեպտը՝ իրականացված նախագծերի օրինակներով, ընդգծելով այս կոնցեպտի առավելությունները, առանձնահատկությունները և նորարարական մոտեցումները։
Ընդգծելով կայուն զարգացման հեռանկարները՝ World Trade Center Yerevan կազմակերպության տնօրեն Արտաշես Տոնոյանը նշեց.
«World Trade Center Yerevan-ը աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների հետ նման հանդիպումների միջոցով փորձում է Հայաստան բերել բիզնեսում միջազգային լավագույն փորձն ու կոնցեպտները, որոնք կարող են և պետք է ներդրվեն Հայաստանում։ Այս առումով «Foster+Partners» ճարտարապետական ընկերության հետ այս քննարկումը «կայուն ճարտարապետության» թեմայով նաև լավագույնս ներկայացնում է բիզնեսի զարգացման նոր խթաններ առաջարկելու մեր առաքելությունը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգին համահունչ, և ցույց տալ, թե ինչպես են դրանք օգնում բիզնեսի և հասարակությունների զարգացմանը»։
Խոսելով Հայաստանում կայուն ճարտարապետության առկա ներուժի մասին՝ «Foster and Partners»-ի ավագ գործընկեր, ճարտարապետ Նայըլ Դեմփսին շեշտեց.
«Կարծում եմ՝ Հայաստանում կայուն ճարտարապետության հսկայական ներուժ կա, և իսկապես սա այն մոտեցումն է, որով դուք առաջնորդվել եք դիզայնում։ Մենք «Foster and Partners»-ում ստեղծել ենք դրա գործիքները, կայունության հայեցակարգը, որով մենք գնահատում ենք կայուն ճարտարապետությունը՝ էներգախնայողության, ջրի օգտագործման, նյութերի գիտակցված ընտրության, մասնավորապես՝ դրանք տեղում գտնելու և նոր միայն դրսում փնտրելու մասով»։
«Foster and Partners»-ի գործընկեր, ճարտարապետ Խուան Ֆրիջերիոն, որը կարդացել է Երևանի գլխավոր հատակագիծը կազմողի մասին և անձամբ է հետաքրքրված սոցիալական բնակարանաշինության մոդելներով, նշեց.
«Մենք արդեն մոտ 2 տարի է, ինչ բանակցում ենք World Trade Center Yerevan-ի և Renshin-ի հետ, և ուրախ ենք, որ նրանք մեզ Երևան հրավիրեցին։ Եվ մենք փորձում ենք, որքան հնարավոր է, շատ բան ուսումնասիրել այս մի քանի օրերի ընթացքում, որ այստեղ ենք լինելու։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներս մենք մեր ներդրումը կունենանք քաղաքի ճարտարապետության մեջ և այն կբարելավենք «Foster and Partners»-ի՝ Երևանում իրականացված նախագծով»։
Շնորհանդեսի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարցեր հղել խոսնակներին, քննարկել Հայաստանում կայուն ճարտարապետության կոնցեպտի կիրառության տարբերակները և հույս հայտնեցին, որ նման հանդիպումներ էլ ավելի հաճախ կկազմակերպվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։