Աստված Իր շնորհը աստիճանաբար է տալիս
– Հա՛յր, ինչո՞ւ է, որ աղոթքի պահին երբեմն ակնհայտորեն զգում ենք շնորհը, իսկ մեկ այլ անգամ ոչինչ չենք զգում:
– Բարեգութ Աստված ժամանակ առ ժամանակ նման օրհնություններ է տալիս մեզ սխրանքի մղելու համար: Ինչպես որ մենք ենք երեխային կոնֆետ տալիս ու ասում. «Եթե քեզ լավ պահես, էլի կստանաս»,- այդպես էլ Աստված է մեզ «կոնֆետներ» տալիս, որպեսզի հասկանանք, թե Նա որքան քաղցր է և ճգնենք՝ Նրան հաճոյանալու և Նրա կողքին լինելու համար:
– Իսկ այն քաղցրությունը, որ մարդ զգում է աղոթքի պահին, դեռևս կրքերից մաքրված չլինելով, կարո՞ղ է ուղղակի զգայական զգացում լինել:
– Սկզբում կարող է և այդպես լինել, սակայն հոգևոր աճին զուգընթաց այն դառնում է պարզորոշ. միրգն էլ, մինչև չհասունանա, թթվաշ ու տտիպ է… Աստված աստիճանաբար է տալիս Իր շնորհը մարդու օգուտի համար, քանի որ եթե նա միանգամից զգա Աստծու շնորհի ամբողջությունը, ապա կարող է և չդիմանալ: Բայց եթե մարդ չհասկանա, որ այդ փոքրն էլ Աստծուց է, և հաստատվի այն համոզման մեջ, թե իբր իրենից ինչ-որ բան է ներկայացնում, ապա Աստված կվերցնի նրանից այն, ինչ տվել էր, մինչև որ մարդ հասկանա, որ դա ոչ թե իրեն է պատկանում, այլ Աստծուն:
– Հա՛յր, երբեմն ողջ օրը հնազանդություն կատարելուց հետո, երբ վերադառնում եմ խուցս, ուզում եմ ոչ թե հանգստանալ, այլ որևէ հոգևոր բանով զբաղվել:
– Դա հոգևոր պտղաբերություն է: Օգտվի՛ր այդ վիճակներից:
– Իսկ ինչպե՞ս փառաբանեմ Աստծուն այդ ժամանակ:
– Ուղղակի ասա Աստծուն այն, ինչ սրտումդ է: Նման վիճակները Աստծու հպումն են:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը