Հեյդարին զգուշացրել է հարևան երկրներին չխախտել միջազգային կանոնները
Իրանի սահմանապահները գործում են բարիդրացիության սկզբունքներին համապատասխան, հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քյումարս Հեյդարին՝ զգուշացնելով, որ Իրանը պատասխան կտա հարևան երկրների կողմից միջազգային կանոնների ցանկացած խախտման, տեղեկացնում է Mehr-ը։
Գեներալ Հեյդարին և Իրանի ոստիկանապետի տեղակալ Քասեմ Ռեզային այցելել են երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգ, որը սահմանակից է Պակիստանին ու Աֆղանստանին։
Աֆղանստանի հետ Իրանի սահմանը գտնվում է բանակի ցամաքային զորքերի և սահմանապահների հսկողության տակ, իսկ սահմանամերձ գոտում անվտանգությունն աբողջովին ապահովված է, հայտարարել է գեներալ Հեյդարին այցի ընթացքում։
Իրանի սահմանապահները և ցամաքային զորքերը գործում են միջազգային նորմերի և բարիդրացիության սկզբունքներին համապատասխան, ասել է նա՝ ավելացնելով, որ եթե հակադիր կողմերը չհետևեն կանոններին, ապա կբախվեն նոր առճակատման։
Գեներալ Ռեզային նույնպես ընդգծել է, որ Իրանի և Աֆղանստանի սահմանները մի քանի անգամ դարձել են «Աֆղանստանի կառավարիչների սխալների ականատեսը»։
Ըստ նրա, երեկ սահմանամերձ գոտում փոխհրաձգություն է տեղի ունեցել, և հակամիջոցառումներ են ձեռնարկվել։
«Հարևան երկրները պետք է իմանան, որ ընդհանուր սահմանները բարեկամության սահմաններ են, և մենք չպետք է թույլ տանք, որ որևէ դժբախտություն պատահի»,- ավելացրել է նա։