ՌԴ-ի դեմ պատերազմ է բոլոր ճակատներում, Մոսկվան պետք է պահպանի ուժն ու կոշտ լինի. Պեսկով

Ռուսաստանը, որի նկատմամբ պատերազմ է տարվում, պետք է կոշտ լինի, սակայն Մոսկվան շարունակելու է իր մտահոգությունները հասցնել Արևմուտքին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

«Բառիս առավել լայն իմաստով պատերազմ է գնում, պատերազմ մեր նկատմամբ բոլոր ճակատներով, լինի տնտեսություն, լինի միջպետական հարաբերություններ, լինի սեփականության հարաբերություններ և այլն։ Ոտնձգություն են անում նախկինում բացարձակ սուրբ բաների վրա, բայց, այդուհանդերձ, տեսնում ենք, որ բոլոր այդ անսասան հիմքերը կործանվում են»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում, որի մի հատվածը տելեգրամ-ալիքում տեղադրել է լրագրող Պավել Զարուբինը։

Ըստ խոսնակի, սա իրականացվում է «այժմ ոչնչից չխորշող կոլեկտիվ Արևմուտքի ներկայացուցիչների կողմից»։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը չպետք է տրվի հույզերի։

«Մենք պետք է պահպանենք մտածողության սթափությունը, մենք պետք է պահպանենք մտահավաքվածությունն ու ուժը, անենք այն, ինչ մեզ է ձեռնտու, այն, ինչը լավագույնս է համապատասխանում մեր շահերին, կոշտ լինենք, բայց նաև անկեղծ, որպեսզի մեր մտահոգությունները, մեզ համար անընդունելի պահերը հստակ տեղ հասցնենք և նաև այն, թե ինչով ենք պատերազմելու՝ դարձյալ բառիս ընդհանուր իմաստով։ Մենք պետք է այս ամենը հասցնենք նրանց»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, Ռուսաստանը ուժեր և պաշարներ ունի ամեն ինչ ավարտին հասցնելու համար, նա ասել է․ «Հակամարտությունն իր նպատակն ունի։ Մենք ունենք նախագահի կողմից հայտարարված նպատակներ, դրանք չեն փոխվել, այդ նպատակները պետք է կատարվեն»։

Տեսանյութեր

Լրահոս