Ո՞վ կտա առաջին հրաժարականը. Վահե Հովհաննիսյան

Նիկոլի ասուլիսից հետո իրավիճակն անդառնալիորեն փոխվել է։ Սա արդեն քաղաքականություն չէ, սա ներկա-նախկին նախասիրությունը չէ։ Սա կոնկրետ անհատական որոշման պահն է՝ Նիկոլի հետ անձնական պատասխանատվությամբ կիսելու հայրենիքի մասնատումը։

Սա կարող է լինել որոշում, որը երբեք այլևս հնարավոր չլինի փոխել։

Բոլոր քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողները և ՔՊ խմբակցության անդամները քայլ չանելու դեպքում իրենց վրա վերցնում են պատմական պատասխանատվություն։

Հետո նվնվալու հնարավորություն չի լինելու, թե՝ «ես ո՞վ էի», «ես ի՞նչ կարող էի անել», «ես իմ համար նստած էի, ի՞նչ կապ ունեի»։ Այլ պայմաններում սա գուցե աշխատեր, բայց հիմա բացառված է։ Ձեր անունները գրված են լինելու այն մարդու անվան կողքին, որը նախ ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա նույն սառնասրտությամբ հայտարարում է՝ Արցախը Ադրբեջան է և վերջ։

 

Ոչ մեկից հերոսություն չի պահանջվում։ Քաղաքական և հայեցողական պաշտոններ ունեցողներն ունեն պարզ քայլի հնարավորություն՝ հրաժարական։ Չի աշխատելու նաև «ընտանիք ենք պահում» արդարացումը։ Ուղղակի իմացեք, որ այդ խնդիրն ունեն տարիներ ի վեր պայքարող հանրային գործիչների մեծ մասը։ Բայց մի վայրկյան անգամ չեն ընկրկել։

Ո՞վ կլինի առաջին հրաժարական տվողը՝ «համաձայն չեմ տարվող քաղաքականության հետ» ձևակերպումով։ Ո՞վ կլինի առաջինը, որ կցանկանա իր անունը մաքրել այդ խարանից։ Սա շատ կարևոր պրոցես է՝ ոչ միայն այդ անհատների համար, այլև՝ որպես հանրային հաշտության հետագա հիմք։

Հրաժարականների շղթան նաև պայքարի նոր ռեսուրս է։ Դա թույլ կտա նաև պահանջել ավելին՝ ընդդիմադիր համակարգերից, թույլ կտա՝ ավելի արդյունավետ դարձնել դիմադրությունը, և ավելի արագ հասնել արդյունքի։ Այդ մարդիկ պիտի գիտակցեն, որ այդպիսով ոչ միայն իրենց անունն են մաքրելու, այլև, որն ավելի կարևոր է, օգնելու են կասեցնել կործանարար պրոցեսը։

Տեսանյութեր

Լրահոս