Բրիտանացի պետնախարարը հայտարարեց, որ Բաքվում բարձրացրել է Լաչինի ապաշրջափակման հարցը

Միացյալ Թագավորությունը համընդհանուր խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում և որքան հնարավոր է շուտ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։

« Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված չի փոխվել։ Մեկ անգամ ևս ամրապնդում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ ուղղությամբ։ Փորձում ենք համագործակցություն ամրացնել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև և ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսությունը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը, հուսանք, որ դրական ընկալում կունենա», – ընդգծեց Լեո Դոքերթին։

Հարցին, թե արդյոք Բաքու կատարած այցի ժամանակ նա Ադրբեջանի իշխանությունների մոտ բարձրացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հարցը, Դոքերթին պատասխանեց, որ այո, այդ հարցը բարձրացրել է Բաքվում։

«Դա կարևոր բաղադրիչ է։ Մենք բարձրացրել ենք մարդկանց ազատ տեղաշարժի հարցը։ Մենք միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, այն էլ միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Ուստի մենք աջակցում ենք ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին հարցի առաջխաղացման համար»,- ասաց Դոքերթին:

Այս շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել և Միացյալ Թագավորությունը կփորձի ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ խնդիրը հանգուցալուծման տանելու համար։

Տեսանյութեր

Լրահոս