
Դեսպան Ֆան Յունի հրավերով Սերժ Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանատուն

2023 թվականի մայիսի 9-ին ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յունը Հայաստանի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է այցելել դեսպանատուն և բարեկամական զրույց վարել։ Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար և ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։
Այս մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում տեղեկություն է տարածել ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը:
Դեսպան Ֆանը հանգամանորեն ներկայացրել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի կողմից առաջ քաշված գլոբալ զարգացման, անվտանգության և գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունները։
Նա ընդգծել է Սերժ Սարգսյանի կարևոր ներդրումը չին-հայկական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա հսկայական աջակցությունը ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի կառուցման գործում։
Դեսպանը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը այսուհետ ևս կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջկուսակցական փոխանակումների ակտիվ խթանմանը, ինչպես նաև երկու երկրների հարաբերություններում շարունակական նոր հաջողությունների ձեռքբերմանը։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մարդկության համընդհանուր ճակատագրի համայնք կառուցելու հայեցակարգը և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի առաջ քաշած երեք հիմնական նախաձեռնությունները, կիսվել է արդիականացման չինական յուրատեսակ ձեռքբերումներից իր տպավորություններով, ինչպես նաև ջերմությամբ է հիշել Չինաստան կատարած իր այցերի և չինացի գործընկերների հետ համատեղ աշխատանքի մասին։
Նա իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել ամրապնդել փորձի փոխանակումները պետական կառավարման ոլորտում և նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանը։
Սերժ Սարգսյանը կիսվել է Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներով, անդրադարձել նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: