Չեմ հորդորել իմ որդուն հետ վերցնել իր բողոքը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հորդորել է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին, հետ վերցնել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դեմ բողոքը, Փաշինյանը բացասական պատասխան տվեց.
«Ոչ, չեմ հորդորել իմ որդուն, որովհետև երբ որ առաջին խոսակցությունն է տեղի ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ նման խնդրանքով կամ կոչով հնարավորությունից: Այսինքն, ես ՀՀ-ում չէի միջադեպի ժամանակ, մինչև վերադարձա, տեսա՝ իրավական ընթացակարգեր են տրվել: Եվ երբ ես իր հետ զրուցում էի, ինքն ասում էր. «Ամբողջ նպատակը և խնդիրն այն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով հարցերը լուծվեն, բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին: Ասենք, ես էլ իմ ընկերների կամ իմ ջոկատի անդամների խմբին վերցնեմ, ինչ-որ պատասխան գործողություն անե՞մ, կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքով պատասխանե՞մ, սպառնալիքին էլ՝ սպառնալիքո՞վ, առևանգմանն առևանգմամբ պատասխանե՞մ»: Բնականաբար, ասել է, որ դա անընդունելի է»,- նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ում հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել:
«Ես չունեմ որևէ փաստարկ՝ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմել»,- հավելեց Փաշինյանը:
Հակադարձմանը, որ Կառավարության շենքի դիմաց հավաքված զոհված զինվորների ծնողներն ընտրովի արդարադատության մասին են բարձրաձայնում, օրինակ, իր շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեկ տարի անց ոչ ոք ո՛չ պատասխանատվության է ենթարկվել, ո՛չ էլ կալանք կա, իսկ այստեղ, երբ չկա ծանր հետևանք, միանգամից որպես խափանման միջոց կալանք է կիրառվել, Փաշինյանը պատասխանեց.
«Առաջին միջադեպի վերաբերյալ, անկեղծ ասած, գործի ընթացքից տեղյակ չեմ: Բնականաբար, շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ, և միջադեպից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել տուժածի՝ վրաերթից զոհված կնոջ հոր հետ, չեմ հիշում՝ ում նախաձեռնությամբ, ինքն ասել է, որ ակնկալիքն այն է, որ իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ: Ես հիմա չգիտեմ, թե այն արարքն ինչպես է որակվել, ինչ հոդվածով: Իսկ այն, ինչ տեղի է ունեցել որդուս հետ, որակված է Քր. օրենսգրքի 191 հոդվածով»:
Մանրամասները՝ տեսանյութում