ՌԴ ԳՇ-ի 1975 թվականի քարտեզով զորքերի հայելային հետքաշումը կայունություն կապահովի. Փաշինյան
«Դրանք նույն քարտեզներն են, ինչի մասին Ռուսաստանն է խոսում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջերս իր արած այն հայտարարությանը, որ ամբողջ սահմանագիծը պատրաստ եք ընդունել 1975 թվականի քարտեզներով:
«Մեր դիրքորոշումն այդ առումով շարունակում է մնալ նույնը: 1975թ. Խորհրդային Միության ԳՇ քարտեզների հիման վրա, այսինքն՝ այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը մեր կարծիքով, այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում, ըստ էության: Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը բավական կարևոր է, և ողջունելի»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշումներին, նա նշեց, որ գոնե այս պահի դրությամբ Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չի կարող արձանագրել. «Միևնույն ժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարևորագույն մաս է: Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում: Բայց միևնույն ժամանակ, պետք է արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է, որովհետև 2022թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայատարորության մեջ կողմերը պայմանավորվել և պարտավորվել են խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից:
Մենք պետք է շարունակենք այնուամենայնիվ մեր աշխատանքը: Զորքերի հայելային հետքաշումը ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները, այսինքն՝ դա առանձին գործընթաց է: Սա ընդամենը սահմանային իրադրության կայունությունն ապահովելու մասին է: Չնայած՝ մյուս կողմից, մենք կարծում ենք, որ 1975թ. քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետև դա է ենթադրում 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում