Լուսադեմին՝ ժամը 6.00-ի կողմերը, Հրապարակում հազարավոր ոստիկաններ էին, նաև մարզերից բերված. Դանիելյան
«Մտավախություն ունեմ, որ առաջիկայում կունենանք երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթը»,- այս մասին քիչ առաջ Կառավարության շենքի մոտ հրավիրված ակցիայի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա նշեց, որ մի քանի օր է` այստեղ են՝ Կառավարության շենքի մոտ, և լուսադեմին ականատես են եղել մի ահասարսուռ իրականության, երբ ՀՀ ոստիկանության ամբողջ անձնակազմը մարզերից հավաքվել և բերվել էր քաղաքամայր Երևան, ժամը 06:00-ի հատվածում հրապարակում հազարավոր ոստիկաններ, բարձրաստիճան ոստիկանապետեր, մարզային կառույցների ղեկավարներ, անբացատրելի ու աննկարագրելի մի պատկեր, ինչից ապշած էին։
«Մի քանի ընտանիքների համար դուրս է բերվել ամբողջ անձնակազմը։ Սակայն չեմ կարծում, որ վախերն այս մի քանի ընտանիքներից է։ Իմ գնահատմամբ՝ նոր, ավելի ծանր զիջումների և ավելի մեծ մարտահրավերների առաջ է կանգնած մեր պետությունը։ Այս իշխանության վարած քաղաքականության հետևանքով կանգնել ենք շատ ծանր իրավիճակի առաջ, երբ տարբեր տեղերից տարբեր խոսակցություններ են մեզ հասնում, որ պատրաստվում են այն ամենը, ինչից խոսվում էր երկար ժամանակ, թղթին տան և փաստաթուղթ ստորագրեն»,- ասաց նա։
Գառնիկ Դանիելյանը մտավախություններ ունի, որ եթե այսօր հրավիրված Փաշինյանի ասուլիսի ընթացքում չհնչեն էլ հայտարարություններ այդ մասին, ապա առաջիկայում ժողովրդին, մեզ կկանգնեցնեն մեծ աղետի և փաստի առաջ, որովհետև այն ամենը, ինչ հնչեցվում է Բրյուսելում և տարբեր քաղաքներում, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86․600 քառակուսի կմ, առաջիկայում հնարավոր է՝ փաստաթուղթ ստորագրեն, որտեղ կամրապնդեն այս խոսակցությունները թղթով։
«Մենք կունենանք երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթը, որը կունենա շատ ծանր հետևանքներ մեր երկրի ու մեր պետականության համար։ Այս թմբիրից ժողովուրդը պետք է դուրս գա, պետք է հասկանան, երկար ժամանակ ընդդիմությունը բարձրաձայնել է, որ մեր պետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, այս ազգակործան իշխանությունները կանգ չեն առնելու, և այս զիջումների, կորուստների փուլը, ցավոք սրտի, ավարտված չէ։ Սրանք ամեն ինչ անելու են, որ մեր պետությունը տանեն վերջնական կազմաքանդման։ Դրանով է պայմանավորված ոստիկանության նման ուժեղացումը, այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծվի, պատահական չէ տիկին Գայանեի հետ կապված դեպքը, որ տեսեք՝ մենք անպատժելի ենք, մենք կարող ենք անել այն ամենը, ինչ ցանկանում ենք, և հասարակությունը պարտավոր է հլու-հնազանդ ենթարկվել»,- ասաց Դանիելյանը։