Մեր երեխաների արյունը չի վաճառվում. ոչ փողի կարիք ունենք, ոչ բնակարանի. Աստղ Գալեյան
Կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց սկսած՝ զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ զոհված զինծառայողների ծնողների մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառվող տեղեկություններին։ Աստղ Գալեյանն ասաց, որ այդ լուրերը նոր չեն, ապրիլի 14-ի առավոտյան են լուրը համացանց գցել այն մասին, որ մի քանի ընտանիքների 15 միլիոն դրամ է տրվել, կամ. իբրև թե իրենց կոնկրետ՝ բնակարան, մնացածներին՝ 30 մլն կամ կրկին բնակարան։
«Ուզում եմ առաջին և վերջին անգամ խոսել այս թեմայով, դա իրականությանը չի համապատասխանում։ Մեր երեխաների արյունը չի վաճառվում։ Մենք ոչ բնակարանի, ոչ էլ, առավել ևս, գումարի կարիք ունենք։ Մենք մեր խղճի, մեր վրեժի համար ենք դուրս եկել, չկա նման բան։ Խնդրում եմ, այլևս այդ թեման մի ուղարկեք ինձ, մի ասեք՝ դատի տվեք։ Մենք բազմաթիվ իրավաբանների հետ ենք խոսել, այդքան հեշտ չէ այդ գործընթացը, աշխատում է ֆեյքերի մի այնպիսի ֆաբրիկա, որ անգամ սկզբնաղբյուրը մենք չենք կարող գտնել։ Չկա նման բան, հերքում եմ։ Հիմա էլ ինչ-որ տեսաերիզ են տարածում, էլի մեր անունները, մի խոսքով․․․
Դա կատարվում է այն ժամանակ, երբ ծնողներն ակտիվանում են, պահանջատեր են դառնում։ Մի խոսքով, ասում եմ, ժողովուրդ ջան, չկա նման բան։ Մենք անգամ ՀԿ ունենք, որտեղ ոչ մեկից չենք ֆինանսավորվում։ Մենք մեր սեփական միջոցներով ենք՝ շրջան ենք գնում, Զինվորի տուն ենք գնում, դա ծնողների միջոցներն են»,- ասաց Աստղ Գալեյանը։ Նա հստակեցրեց, որ այս ամենն արվում է ծնողներին լռեցնելու, վարկաբեկելու նպատակով։ «Մեր հասցեին գրում են ամենավերջին անպատիվ խոսքերը»,- նկատեց նա։
Մանրամասներ՝ տեսանյութում։