Բաժիններ՝

Yerevan Tech Forum-ում պետական և մասնավոր սեկտորի ներկայացուցիչները քննարկեցին թվային փոխակերպման միտումները

Երևանում մայիսի 19-ին մեկնարկեց Yerevan Tech Forum-ը, որի նպատակն է համախմբել գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու թվային փոխակերպման միտումները: Բացման արարողությանը մասնակցեցին և ելույթի խոսքով հանդես եկան Skill Event Marketing Company-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաև Telcell ընկերության կոմերցիոն տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Շնորհակալություն հայտնելով ֆորումի մասնակիցներին և գործընկերներին՝ Սերգեյ Ուսնունցը ներկայացրեց, թե ինչպես է ստեղծվել միջոցառումն անցկացնելու գաղափարը։

«Հիշո՞ւմ եք նախորդ տարվա փետրվարի իրադարձություններն ինչպես են ազդել աշխարհի և Հայաստանի վրա։ Մենք մտածեցինք մի գաղափարի շուրջ միավորել տեղական և Հայաստանում նոր հաստատված ընկերություններին մեկ հարթակում և քննարկում անցկացնել։

Խնդրեցինք ֆորումին մասնակցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին և Էկոնոմիկայի նախարարին ներկա լինել ֆորումին, ինչի համար շնորհակալ եմ նրանցից, որովհետև թվային տեխնոլոգիայի ոլորտը չի զարգանա առանց պետական կառույցների, մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներդաշնակ աշխատանքի»,- ասաց Ուսնունցը։

Նրա խոսքով՝ այս տարի միջոցառման թեման է թվային փոխակերպումը։

«Կորոնավիրուսի համաճարակից սկսած անկախ մեզանից մտել ենք թվային փոխակերպման գործընթացի մեջ և շատերս պատրաստ չէինք դիմագրավել մարտահրավերին։ Թվային փոխակերպման գործընթացում են և՛ պետական կառույցները, և՛ մասնավոր ընկերությունները, և՛ ընդհանրապես հասարակությունը։ Մենք չունենք բաղադրատոմս, որ դրան հետևելով, կարողանանք կարգավորել խնդիրները։ Փոխակերպումը չի կարող լինել «անցավ» և այս տարի որոշեցինք մեկ հարթակում միավորել այդ երեք շերտերը և քննարկել այդ ոլորտին առնչվող խնդիրները»,- նշեց Ուսնունցը։

Պանելային քննարկումներին մասնակցեցին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

Yerevan Tech Forum-ը փորձագիտական հարթակ է, որը համախմբում է գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու բիզնեսի արդի թեմաները: Նախորդ տարի ֆորումն անցկացվել է «Բիզնեսը փոխակերպվող աշխարհում. Սպառնալիքներ և Հնարավորություններ» թեմայով։

Այս տարի միջոցառումն անցկացվեց «Թվային փոխակերպում: Առաջխաղացման ռազմավարություններ» խորագրով, որին ելույթ ունեցան միջազգային խոսնակներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Մեծ Բրիտանիայից:

Ծրագրում նախատեսված էին պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով. հանրային հատվածի թվային փոխակերպում. կառուցելով կայուն ապագա և առաջնորդությունը թվային փոխակերպման գործընթացում։

Այս տարի ֆորումն ուներ նաև երկրորդ բեմ, որտեղ ելույթ ունեցան ՀՀ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներն ու առաջին դեմքերը: Խոսեցին թվային աշխարհի ամենատարբեր թեմաներից. Կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, IoT և 5G ցանցեր, բլոկչեյն և այլն:

Միջոցառման երկրորդ օրը՝ մայիսի 20-ին, կանցկացվի WORLD’s TOP SPEAKERS IN ARMENIA պրեմիում միջոցառումը` Porsche, BMW, Lamborghini UK-ի նախկին գործադիր տնօրեն, սերիական գործարար և հեղինակ Քևին Գասքելի մասնակցությամբ։

Խոսնակը կանցկացնի «Inspired Leadership & Business Transformation» թեմայով մաստեր կլաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս