Բաժիններ՝

Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ՁՊՎ, առանձնազրույց ունեցել զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի հետ

Պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ՁՊՎ, առանձնազրույց ունեցել զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Այսօր՝ մայիսի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի հետ:

Նրան ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը:

Պաշտպանը տեղում ծանոթացել է նրա առողջական վիճակին և բժշկական փաստաթղթերին:

ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 17-ին՝ զոհված զինծառայողների ծնողների ձերբակալությունից անմիջապես հետո, այց էին իրականացրել Ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 18-ին, ՁՊՎ-ում հանդիպել Գայանե Մարտիրոսյանի հետ:

Արձանագրվել էր, որ Գայանե Մարտիրոսյանի մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ և նա հրաժարվել է սննդի ընդունումից։

Այցերի ընթացքում ՁՊՎ-ի վարչակազմի վերաբերմունքի, ինչպես նաև պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։

Իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս