Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա
2003 թվականին Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքվել է պաշտպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր, որին հղում անելով՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը Կառավարության հավանությանն է ներկայացրել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք ստեղծելու մասին նախագիծը։
Ըստ նախագծի՝ երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ:
Հնդկական կողմի ռազմաարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրություններով էլ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք:
Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերը կազմակերպելու ժամանակ:
Ռազմական կցորդը, Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ: ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն՝ կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ: